«Արդյոք մենք Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեի՞ն ենք գնում»
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 5-ին հանրաքվեի դրվելիք նախագիծը սահմանադրության լուրջ փոփոխություն չէ, այլ քաղաքական լուծում։ Ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը, որը համոզված է 2015թ ընդունված ՀՀ սահմանադրությունը ամբողջովին պետք է փոխվի։ Բայց քանի որ հանրաքվե է անցկացվում, նա կողմերին կոչ է անում քիչ ագրեսիվություն ցուցաբերել, փորձել ընդհանուր քննարկումներ իրականացնել, կոնֆլիկտը ինչ -որ կերպ մեղմել, և ժողովրդին իրար դեմ դուրս չբերել։
Ըստ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ մթնոլորտի պատճառն էլ է երկրի մայր օրենքը։
«Սահմանադրությունը պետք է երկրում ապահովի խաղաղ մթնոլորտ, սակայն դա չի արվել և այն պետք է սկզբունքորեն բարեփոխվի,- ասաց նա,- Սահմանադրությունը կոչված է ապահովելու իշխանության ռոտացիան, մեր Սահմանադրությունը դա չի արել, այն խոտանվել է։ Փոփոխությունները խիստ անհրաժեշտ են»։
«Տեսակետ» մամուլի ակումբում հարցին այլ տեսանկյունից է նայում երաժիշտ Եղիշե Պետրոսյանը․ արդյոք մեր խնդիրը ՀՀ Սահմանադրությունը փոփոխե՞լն է․
«Այստեղ հարցը այլ է, արդյոք մենք Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեի՞ն ենք գնում ։ Մենք կարծես թե Սահմանադրական դատարանի անդամների հարցը լուծելու խնդրի դեմ ենք պայքարում։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակը անհասկանալի է»։
Իհարկե, նա ընդունում է, որ Սահմանադրությունը անհրաժեշտ է փոխել, բայց ոչ դրույթ առ դրույթ։
«Պետք է գլոբալ փոփոխության հարցը բարձրացվի և հանրաքվեով հաստատվի մեր պետության մայր օրենքը, որի կանոններով էլ մենք կշարունակենք ապրել»,-ընդգծում է Եղիշե Պետրոսյանը։