Բացել լրահոսը Փակել լրահոսը
85125719_256091858710397_917703450228162560_n
A A
Հասարակություն

«Դիանա Հարությունյանը»՝ սովորական քաղաքացու աչքերով (տեսանյութ)

Լրացավ մեկ ամիսը, ինչ  կալանքի տակ է Ֆեյսբուք  սոցիալական հարթակում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը, իսկ ԱԱԾ-ն շարունակում է լռել՝ ով է իրականում  «Դիանա Հարությունյան»-ը։

Հանրությունը նրա մասին գիտի միայն այն, ինչ հունվարի  5-ին, երբ Հայաստանում Սուրբ ծննդյան  ճրագալույց էր,  մատուցեց Ազգային Անվտանգության ծառայությունը։  Այսինքն՝   նա իգական անունով, բայց արական սեռի ներկայացուցիչ է,  բանտում գտնվող՝  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիր է, եւ  էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին՝ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի մասին  ռուսերեն  կեղծ տեղեկատվություն  հրապարակելով։

«Ա1+»-ի  առաջարկով  Ֆեյսբուքյան 10 օգտատեր միաժամանակ դիտում են  տեսանյութը, որը ուղիղ մեկ ամիս առաջ տարածել էր Ազգային անվտանգության ծառայությունը «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ բացահայտման մասին։  Այդ տեսանյութում «Դիանա Հարությունյան»-ը, դեմքը փակած,  տեսախցիկի առաջ բացատրություններ է տալիս, ներողություն խնդրում, թե չի գիտակցել։  Կեղծ օգտատերը՝  բացահայտումից ընդամենը երկու օր  առաջ՝  հունվարի 3-ին,  գրել էր, թե  իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։  Տեղեկատվությունը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։ 

Ֆեյսբուքյան հարցման միջոցով փորձում ենք պարզել՝  ինչպես է «Դիանա Հարությունյանին» ընկալում հանրությունը՝ համադրելով երեւացող եւ հնչող տեղեկատվությունը։  Հարցման  մասնակիցներից որեւէ մեկը  Ֆեյսբուքում «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ ընկերը չի եղել։

Աննա Հ․-ն Ամանորի տոներին Հայաստանում չի եղել եւ առաջին անգամ էր դիտում տեսանյութը։

«Իմ տպավորությամբ՝  փոքրամարմին է. կարծում եմ` նուրբ, ավելի մանկական դիմագծերով, մինչև 25 տարեկան։ Մի տեսակ երկչոտ մարդու քայլվածք ուներ։ Խոսելիս մարմինը,  թեւերը չէր շարժում,  չկար անգամ  մի  թեթեւ  շարժում, ինչի հետեւանքով թվում էր` անշարժ է , եւ ուղղակի ուրիշ մեկն է խոսում»,- ասում է նա։

Լիլիթ Ա․-ն  կարծում է, որ «Դիանա Հարությունյանը» 32-37 տարեկան, երեւանյան փողոցներում մշտապես հանդիպող ` արտաքին ունեցող տղամարդ է։ «Խոսքը հավատ էր ներշնչում, բայց հաշվի առնելով հիմիկվա մարդկանց դերասանական ունակություններն ու ամոթի բացարձակ բացակայությունը, կարող է եւ խաբի»,- ասում է 26-ամյա ռեժիսորը։ Նա  կարծում է, որ անկախ նրանից կեղծ օգտատերը միտումնավոր, թե չգիտակցելով է վնաս  հասցրել ՀՀ անվտանգությանը, պետք է պատժվի, որ «մեկ ուրիշն էլ նման բան չանի»։

20-ամյա ուսանողուհի Անի Կ․-ն  համոզված է, որ «Դիանա Հարությունյանը» ստում է,  երբ ասում է՝ չի գիտակցել , որ կարող է պետությանը վնաս հասցնել։ Նրա աչքերով «Դիանան» 24-28 տարեկան, միջահասակ երիտասարդ է։

30-ամյա Քնարիկն ասում է, որ առաջին հայացքից «Դիանա Հարությունյանն» իրեն  երիտասարդ է թվացել, բայց հետո հասկացել է, որ նա ավելի մեծ  է՝ մոտ 50 տարեկան, պարզապես փոքրամարմին է՝ ուսերը կռացած։  Նրա  խոսքը Քնարիկին չի համոզել․ «Անգիր արած էր․ պաստանովչնի»։

Մեր հարցմանը մասնակից եւս երկու օգտատեր համոզված էին, որ նա  «անգիր արած տեքստ էր ասում»։

«Այնպես էր խոսում` կարծես  մի քանի անգամ տեքստը կրկնել է , չեմ կարծում` ձերբակալված անձը,որին  մեղադրում են ինչ-որ բանում,   կարող էր այդպես հստակ միտքը  շարադրել,- իր տպավորություններն է կիսում Թերեզան,- Հնարավոր է, որ  սա իրավապահների կողմից  բեմադրված է՝ ցույց տալու, որ ,իրոք,  Հայաստանում հիբրիդային հեղաշրջում են ցանկացել անել։ Բայց կարծում եմ, որ այս  ֆեյքը դրա հետ կապ չունի»։  Թերեզայի նկարագրելով՝  «Դիանա Հարությունյանը» թխամաշկ, մուգ մազերով, սովորական բանվոր տղա է։

Հարցման՝ «չհամոզված» մյուս մասնակիցը ուսանողուհի Ռիման է, որի կարծիքով՝  «Դիանան» հաստատ  գործազուրկ է․ հակառակ դեպքում ժամանակ չէր ունենա՝ կեղծ տեղեկատվություն հնարելու եւ տարածելու։  «Նրա խոսքը ինձ ընդհանրապես  չհամոզեց, ակնհայտ «սովորեցրած» էր խոսում, ձևակերպումները մի տեսակ շատ արհեստական էին»,- իր կասկածները փոխանցում  է նա։

Քրիստինե Ա․-ն չի բացառում, որ երիտասարդը « վճարվել է կեղծ ինֆորմացիա տարածելու համար» ։   Տեսանյութում  նա նշել  էր, որ մոտ երկու տարի առաջ` նախկին նախագահ   Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո, ընդդիմադիր հայացքներ է ձեռք բերել եւ կեղծ էջ բացել։   ( Ի դեպ, կան օգտատերեր, այդ թվում Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը, որը պնդում է «Դիանա Հարությունյան»՝  արդեն արգելափակված էջը  ստեղծվել է ավելի վաղ եւ 2016թ ․ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ ապատեղեկատվություն է  տարածել-խմբ ) ։

Ըստ Քրիստինեի՝ եթե նույնիսկ «Դիանայի» քայլը բխում էր իր ընդդիմադիր հայացքներից, նրա արարքը չի կարող ներվել, քանի որ կարող էր «ազգերի մեջ թշնամանք առաջացնել»։

«Անբարոյական արարք էր սա, որովհետև անձը, ով իր կարծիքը արտահայտելու իրավունքը գերադասում է պետության շահից, չի կարող ունենալ արժեքային բարձր մակարդակ»,-ասում է երիտասարդ աղջիկը։

31-ամյա  Հովհաննես Կ․-ի համար տեսանյութը համոզիչ է․ նա շատ բուռն է արձագանքում․ «Պետք է բռնել եւ որպես դավաճան պատժել»։

Գոհարը մասնագիտությամբ հոգեբան է եւ տեսակետ էլ հայտնում  է՝ մասնագիտական զգուշավորությամբ։ Նա, կարծես, ամփոփում է մյուսների հնչեցրածը։

«Ցավոք, տեսագրության մեջ իր ձայնը փոփոխված է, դեմքը՝ փակ։ Խոսելու ընթացքում չեն երևում անձի միմիկաները․ մարմինը հուշում է, որ երիտասարդ տարիքի անձ է։ Ձայնը փոփոխված լինելու պատճառով դժվար է հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունենում, բառերը սահո՞ւն է արտասանում, թե՞ դժվարությամբ է ընտրում։ Ուշադիր հետեւելով  գլխի շարժուձևին, ենթադրում եմ, որ չէր կարող նման արագ ձևով միտքը շարադրել, որովհետև խոսելիս գլուխը շատ քիչ է շարժում։ Ձեռքերն ու ոտքերը չեն երևում, հասկանալի չեն խոսելու ընթացքում իր ժեստերը»,- ասում է  հոգեբանը։

Լրագրողական հարցմանը մեկ այլ հոգեբան էլ է մասնակցում։

«Խոսքը շատ արագ է, հետևաբար թաքցնում է  որոշ բաներ ու անկեղծ չի, ձեռքերը հպում է իրար, սեղանի տակ անընդհատ թաքցնում է, ինչը  թաքնվելու, անհանգստության մասին է խոսում,- ասում է 28-ամյա  Լենա Գ․-ն՝  շարունակելով,- Ճիշտ չի լինի նրա բնավորության մասին խոսել, բայց իր վարքը խոսում է անինքնավստահ, վախեր ունեցող, ոչ անկեղծ, ստելու ու թաքցնելու հակում ունեցող մարդու մասին»։

Հիշեցնենք, որ «Դիանա   Հարությունյան»-ին  մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով: