Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Մենք նպատակ չունենք հոգնեցնել ծանրորդներին. Փաշիկ Ալավերդյան

Իրանի  Ռաշտ քաղաքում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներն առաջին մեդալն են նվաճել:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր 81 գկ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավել է առաջին տեղը, իսկ երկամարտի հաշվարկով (345 կգ) զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը երկամարտի նույն՝ 345 կգ արդյունքով (160+185) զբաղեցրել է 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսազրույցով ասել, որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը միայն մասնակցությունն է: 

«Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն նույնիսկ  աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ օլիմպիական խաղեր, պետք է անպայման մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Մենք նպատակ չունենք հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն առավել կարևոր՝ Մոսկվայում ապրիլի 2–ին մեկնակող Եվրոպայի առաջնությանը», - ասել է փորձառու մասնագետը:

Այսօր Ռաշտի մրցաշարում պետք է հանդես գան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն  Ալեքսանյանը: Ըստ որոշ տվյալների, Ռուբեն Ալեքսանյանը թեթևակի վնասվածք ունի և հնարավոր է չմասնակցի մրցումներին: