«Պանաթինաիկոսը» ՊԱՕԿ-ին թույլ չտվեց կրկնել իրեն պատկանող ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանի ֆուտբոլի Սուպերլիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Պանաթինաիկոսը» Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց գործող չեմպիոն ՊԱՕԿ-ին։
Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հունաստանում, չնայած տանտերերն արդեն 18 միավորով ետ են մնում աղյուսակը գլխավորող հյուրերից և համարյա դուրս են մնացել չեմպիոնական պայքարից։
Բանն այն է, որ եթե ՊԱՕԿ-ը գոլ խփեր այդ խաղում, ապա կկրկներ հենց «Պանաթինաիկոսին» պատկանող անհավանական ռեկորդը․ 1963-65թթ «կանաչները» 57 անընդմեջ խաղերում դարձել էին գոլի հեղինակ։ «Պանաթինաիկոսին» ոչ միայն հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, այլև երկու անպատասխան գոլ խփել՝ 2։0։
Չնայած հաղթանակին, աթենքյան ակումբը մնաց նույն՝ 4-րդ տեղում։ Իսկ ահա գործող չեմպիոնը վերջին երեք տարում առաջին անգամ չկարողացավ գոլ խփել, կրեց երկրորդ պարտությունն ընթացիկ մրցաշրջանում և առաջին տեղը զիջեց «Օլիմպիակոսին»։