Բացել լրահոսը Փակել լրահոսը
39415_0-lars_1309_M
A A
Քաղաքականություն

Վերին Լարսում առկա խնդիրները կկարգավորվեն նոր մաքսային կցորդի միջոցով (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց Արամ Թանանյանին նշանակել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ։

Արամ Թանանյանն արդեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր լիազորությունների հարցը դեռ վերջնական չի սահմանվել․

«Դուք գիտեք, որ ՊԵԿ-ը 5-ամյա զարգացման և վարչարարության ռազմավարություն է ընդունել, դուք տեսել եք՝ 1,5 տարում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում, իսկ մեր համակարգը միտված է ապահովելու երկրի ամբողջ շրջանառությունը, եկամուտները և այլն, և այդ ֆոնի վրա բնականորեն հիմա ծավալվում ենք դեպի հյուսիս, որովհետև Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով սնվում է մեր երկիրը, և մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,-նշեց նա։

Խոսելով Վերին Լարսի սահմանային անցկաետում ներկայումս առկա խնդիրների մասին, մաքսային կցորդն ասաց․

«Ներկայումս առաջացած հարցերը լուծվում են տարբեր կապի միջոցներով, իսկ  մենք հնարավորություն կունենանք առերես քննարկելու բոլոր խնդիրները, փորձել դրանց տալ լուծումներ, ավելի արագ, օպերատիվ, հիմնավորված։ Կունենանք արդեն դեմք, ում հետ կարելի է առնչվել»։

Նշեց, որ իր առաջին գործը լինելու է առկա իրավիճակն ուսումնասիրելը և համապատասխան միջոցառումների ցանկ ներկայացնել ղեկավարությանը։

Հարցին՝ գործարարները բողոքում էին, որ արհեստական ձգձգում են ռուսական կողմից, իրենց քմահաճույքով են աշխատում, այդ հարցն ինչպես են լուծելու, Թանանյանը պատասխանեց․

«Յուրաքանչյուր մարդ կարծիքի իրավունք ունի, երբ սուբյեկտիվ կարծիքները կամփոփենք, կուսումնասիրեն, կձևավորվի օբյեկտիվ կարծիք։ Կմշակվեն մեթոդական կազմակերպական տարբեր միջոցառումներ, և դրանց միջոցով կփորձենք վերացնել այդ բարդությունները, խոչընդոտները, որպեսզի տնտեսվարը հնարավորինս անխոչընդոտ հասնի Հայաստան և հակառակը»։

Դիտարկմանը, թե առաջացող խնդիրների մեջ քաղաքական դիտավորություն չի՞ տեսնում, Թանանյանն ասաց, դիտավորություն փնտրելն այնքան էլ արդյունավետ չէ, պետք է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։

Չբացառեց, որ հնարավոր է՝ լինեն դիտավորության էլեմենտներ ոմանց կողմից, քանի որ տնտեվարողների հետ շատ տարբեր շփումներ են լինում։