Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի վերջո «ժառանգորդի» ընտրության հարցում նույնպես կարևոր կլինի Պուտինի ընտրությունը․ քաղաքագետ

Երեկ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական տվեց ։ Այսօր արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Պետդումայի հավանությամբ  Դաշնային հարկային ծառայության արդեն նախկին պետ Միխայիլ Միշուստինին նշանակեց վարչապետի պաշտոնում։

Այս զարգացումների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

«Նախկինում էլ եմ ասել, որ Ռուսաստանում անհրաժեշտ են փոփոխություններ։ Ընդհանրապես կառավարման համակարգում, և ընդհանրապես ներքին կյանքի առումով, Ռուսաստանը բավական մեծ խնդիրներ ուներ։ Եվ փոփոխությունները, իհարկե, տեսնում և հասկանում էին նաև կառավարությունում, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինը»,- նշեց քաղաքագետը։

Ղևոնդյանի խոսքերով՝ փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի, և եկել է այն ժամանակը, երբ Պուտինը պետք է իշխանությունը փոխանցի իր «ժառանգորդին»։ Քաղաքագետը հիշեցրեց 1999 թվականը՝ նշելով, որ մինչև ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականը և Պուտինի նախագահությունն այնտեղ ևս մի քանի կառավարություններ փոխվեցին, վարչապետներ փոխվեցին։

«Ներքին կլանային շերտերի պայքարներ էին ընթանում․ ուժայինները պայքարում էին բյուրոկրատական ապարատի հետ և այլն։ Կարծում եմ՝ նույն պայքարն այստեղ է սպասվում։ Շուտով ականատես կլինենք որոշակի խնդիրների՝ իշխանության տարբեր շերտերի միջև, և այդ խնդիրների արդյունքում որոշակիորեն կառանձնանա այն մարդը, որին Պուտինը կտեսնի կամ գուցե հիմա է տեսնում, քայլ առ քայլ կներկայացնի որպես իր «ժառանգորդ»»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Մեդվեդևի կառավարության հրաժարականը, ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, վերոնշյալ պրոցեսի սկիզբն էր, և ընթացքում կլինեն նաև այլ գործընթացներ։ Հարցին, թե իր կարծիքով՝ Մեդվեդևը կարո՞ղ է լինել «ժառանգորդը», թե՞ Միշուստինը, քաղաքագետը պատասխանեց, որ չի կարծում, թե հենց Մեդվեդևը կամ նորանշանակ վարչապետն է «ժառանգորդը»։

«Նոր առաջադրված վարչապետը մենեջեր է և բավականին լավ է իրեն դրսևորել ԴՀԾ ղեկավարի պաշտոնում։ Հավանաբար Պուտինը նրան նշանակել է տնտեսական որոշակի բարեփոխումներ կատարելու համար, քանի որ երկիրը տնտեսապես բավականին վատ վիճակում է։ Գործընթացի արդյունքում հավանաբար մեկ-երկու տարվա ընթացքում կտեսնենք այն մարդուն, որը որպես «ժառանգորդ» արդեն կառանձնանա մյուսներից։ Չեմ կարծում, որ դա կլինի Մեդվեդևը, քանի որ Պուտինը բավականին դժգոհ էր նրա 4 տարվա նախագահական կառավարումից»,- ընդգծեց Ղևոնդյանը՝ հավելելով, որ Պուտինը թե՛ իր պահվածքով, թե՛ խոսքերով նշել էր, որ Ռուսաստանը Մեդվեդևի նախագահության ժամանակ բավականին ուրիշ էր իր պատկերացրած Ռուսաստանից։

Ըստ քաղաքագետի՝ Պուտինը կընտրի մեկին, որն առավելապես կշարունակի կառավարման իր կուրսը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սահմանադրական փոփոխություններով ավելի մեծ լիազորություններ տրվեն ռուսական խորհրդարանին, Պուտինն ընտրվի Պետդումայի նախագահ՝ մնալով երկրի ղեկին, պատասխանեց, որ դժվար թե՝ ՌԴ ներկայիս նախագահը կրկնի այն ճանապարհը, որը որ անում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի ղեկին մնալու համար։

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը երևի կարծում է, որ իրենից հետո եկող մարդն այդքան մեծ իշխանություն պետք չէ, որ ունենա, և փորձում է իշխանությունը որոշակիորեն մասնատել, որպեսզի երկրի կառավարման հարցը իրենից հետո մեկ անձից կախված չլինի։ Դա բավականին տրամաբանական և ՌԴ-ի համար դրական կլինի»,- պարզաբանեց Ռոբերտ Ղևոնդյանը։ Թե ի՞նչ կառավարման համակարգն կլինի ՌԴ-ում՝ քաղաքագետի կարծիքով՝ կմնա նախագահականը, և Սահմանադրական փոփոխությունների հետևանքով որոշակիորեն իշխանության բաշխում կլինի։

Ըստ գործչի՝ փոփոխություններով որոշակի լիազորություններ կփոխանցվեն պառլամենտին, գուցե որոշները նաև վարչապետին, կառավարման համակարգն ավելի կոլեգիալի կդառնա, քան ներկայում է, իսկ ներկայումս նախագահն անձամբ է բոլոր որոշումներն ընդունում։

Հարցին, թե Մեդվեդևը ունի՞ այն հնարավորությունները, որ նախագահի պաշտոնի համար մրցակցի հնարավոր «ժառանգորդի» հետ, Ղևոնդյանը պատասխանեց, որ Ռուսաստանի պետական համակարգում ավելի շատ ոչ թե անձերով է պայմանավորված քաղաքական մրցակցությունը, այլ՝ իշխանության շերտերով․ «Բնականաբար, հնարավոր է, որ Մեդվեդևին որոշակի շերտ պաշտպանի և այդ դեպքում այդ շերտերի միջև պայքարը կընթանա՝ ինչպես ես սկզբում նշեցի»։

Ըստ Ղևոնդյանի՝ շերտերն են՝ ուժայինները, բյուրոկրատական շերտերը, ֆեդերալ ղեկավարման մարմինների խմբերը, որոնք որ կենտրոնացած են ոչ թե Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, այլ՝ Ռուսաստանի տարբեր հատվածներում։

«Այսինքն՝ կան որոշակի շերտեր, որոնք որ իշխանության մեջ տարբեր խմբեր են կազմում, և այդ խմբերն անընդհատ պայքարի մեջ են։ Հնարավոր է, որ այդ շերտերից մեկն ընտրի Մեդվեդևին, մեկ այլ շերտ էլ՝ մեկ ուրիշին։ Դա նորմալ պրոցես է․ միշտ էլ այդ պայքարն ընթացել է։ Ի վերջո ամեն ինչում, այս հարցում նույնպես կարևոր կլինի Պուտինի ընտրությունը»,- շարունակեց քաղաքագետը։

Հարցին, թե ՌԴ-ում ընդդիմությունը շանսեր չունի՞  իշխանություն վերցնելու, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց, որ ներկա պահին Ռուսաստանում այնպիսի շարժեր չկան, որ արմատական ընդդիմությունը կարողանա իշխանություն վերցնել Պուտինի պաշտոնավարումից հետո։ «Ամենայն հավանականությամբ կլինի ղազախական սցենարը։ Երբ Նազարբաևը գնաց, և իր փոխարեն իր ընտրած «ժառանգորդը» եկավ»,- եզրափակեց քաղաքագետը։