Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սուլեյմանին իր մահով կարողացավ համախմբել իրանական հասարակությունը․ իրանագետ (տեսանյութ)

«Իրանի ներսում տրամադրությունները ընդհանուր առմամբ  բավական հանգիստ էին, լայնածավալ սգո արարողություններ էին մեծաքանակ մարդկանց մասնակցությամբ»- հայտարարեց  իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով երկու օր առաջ է վերադարձել Իրանից։

Նրա դիտարկմամբ՝ գեներալ Քասեմ Սուլեյմանին այն կերպարն էր, ով կարողացավ իր մահով համախմբել իրանական ողջ հասարակությունը, քանի որ Իրանի ներսում կար բավականին լարված ներքաղաքական պայքար։

Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում իրականացված ամերիկյան գործողության ժամանակ։

Իրանագետը նշում է, որ իրականացվեց վրիժառության գործողություն, որը, ըստ էության, պարտադիր էր, և ելնելով Իրանի կրոնական գաղափարախոսությունից՝ այս պահին որևէ մեկը ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա, քանի որ «շիայական իսլամում մարդու մահից հետո քառասունքի ընթացքում բանակցությունները բացառվում են»։

Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների ընդհանուր հեռանկարին,  բանախոսն ընդգծում է, որ իրանցիներն օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հասնեն նրան, որ Մերձավոր Արևելքում կրճատեն ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը, և առաջին հերթին դա վերաբերոլու է Իրաքի տարածքին։

Անդրադանալով Կանադայի վարչապետի հայտարարությանը, թե ուկրաինական ավիաընկերության Բոինգ ինքնաթիռը պատահաբար թիրախ է դարձել իրանական հրթիռի, Ոսկանյանը նշեց, որ այս պահին ընթանում է քարոզչական պատերամի մեծ փուլ, և յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է ճշտվի․

«Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիական ինքանթիռների կործանումները օգտագործվել են քաղաքական և քարոզչական նպատակներով, և այստեղ պետք է հետևություններ անել՝ դատելով բացառապես փաստական տվյալներից և ոչ թե քաղաքական գործիչների հայտարարություններից»։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում կործանվեց ուկրաինական ինքնաթիռը, ինչի արդյունքում 167 հոգի է մահացել։ 

Խոսելով ստեղծված իրավիճակում մեր Կառավարության դիրքորոշման մասին՝ Ոսկանյանը նշեց, որ ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված Հայաստանի վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ տարբեր մակարդակներում։ 

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱՄՆ-ի  կիրառած պատժամիջոցների պայմաններում, արդյոք  կկարողանա՞ Իրանը դիմակայել,  Ոսկանյանը արձագանքեց, որ ԱՄՆ–ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր բոլոր փաթեթներն արդեն իսկ կիրառել է, և իրականության մեջ Իրանը գտնվում է միջազգային պատժամիջոցային համակարգում․

«Շատ բան չի փոխվի Իրանի համար, մի քանի անձ կհայտնվի պատժամիջոցային համակարգում, բայց իրավիճակի խոշոր փոփոխություն տեղի չի ունենա»։

Իրանագետի դիտարկմամբ՝  Սոլեյմանիի սպանությունը «ջուրը գցեց ԱՄՆ-ի զանազան կառուցակարգերի աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում ներքին քաղաքական ցնցումների»․

«Մենք ունենք Իրան, որ արտաքին վտանգի առջև համախմբվել է, և այս առումով Սուլեյմանիի մահը կորուստ էր Իրանի համար ռազմական տիրությում, բայց նաև իր մահով նա ծառայում է իր ժողովրդին»,- ասաց նա։