Հիմնական թանկացումները կլինեն մեքենաների շուկայում․ Հրանտ Միքայելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տարվա առաջին կեսին ունեցել ենք տնտեսության աճի դանդաղում, բայց երկրորդ կեսին լավ արագացել է տնտեսության աճը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ ամփոփելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։
Վերջինս ընդգծեց, որ անշարժ գույքի շուկայում և բազմաթիվ այլ ոլորտներում արձանագրվել է տնտեսական մեծ աճ․
«Հանքարդյունաբերությունում աճը տեսել ենք նրա շնորհիվ, որ 2018 թվականին բազմաթիվ օբյեկտներ չեն աշխատել, 2019 թվականին նրանք սկսեցին նորից աշխատել, բացի դրանից մոտ 10 տոկոս աճ կա մշակող արդյունաբերությունում, և դա պայմանավորված է ԵՄ-ում Հայաստանի անդամակցությամբ»։
Միքայելյանի խոսքերով՝ 2020 թվականի համար ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4,9 տոկոս․
«2020 թվականի համար Կենտրոնական բանկը ակնկալում է 4.9 % տնտեսական աճ, բայց կան նաև այլ կանխատեսումներ՝ 4.8% և 4.6%» ։
Ինչ վերաբերում է առաջիկայում մոտ 700 ապրանքների մասով սպասվող գնաճին, բանախոսն ասում է․
«Երբ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մոտ 1000 ապրանքանիշի ուղղությամբ ունեցել է զեղչեր, և դրանք ունեցել են են որոշակի ժամկետներ։ Դրանց մի մասի ժամկետը անցել է 2016 թվականին, մյուս մասինը 2018-ին, մեծ մասը կանցնի հիմա՝ 2020 թվականի սկզբից, մյուս մասը՝ 2022-ից»։
Ըստ նրա՝ հիմնական թանկացումները կլինեն մեքենաների շուկայում։
Թե որքան կլինի թանկացումը, ըստ նրա, պարզ կլինի մարտ-ապրիլ ամիսներին, բայց այնուամենայնիվ, բնակչության և տնտեսության համար տնտեսագետը կտրուկ թանկացումներ չի կանխատեսում, քանի որ դա պայմանավորված կլինի բարձրացած ներկրման տուրքերով, ինչը նշանակում է, որ կլինի բյուջեի աճ։
Բանախոսն անդրադարձավ նաև վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին, նշեց, որ դժվար է հարևան երկրների ՀՆԱ-ների հետ համեմատություններ անելու համար միայն Միջազգային արժութային հիմնադրամից մի թիվ վերցնելը.
«Հայաստանը 2015 թվականից հաշվում է իր ՀՆԱ-ն նոր համակարգով, որը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2008 թվականին, բաց իմաստը այն է, որ դա մեծացնում է ՀՆԱ-ի չափը մոտ 7 տոկոսով։ Վրաստանը մեթադաբանությանը անցնում է 2019 թվականից, բայց միջազգային արժութային հիմնադրամի մեջ դա ներառված չէ, այսինքն՝ Հարավային կովկասից միայն Հայաստանը ունի այս բոնուսը»։
Ըստ բանախոսի՝ այստեղ դերակատարում ունի նաև բնակչության ոչ ճշգրիտ հաշվարկումը։ Հայաստանում բնակչությունը պակաս է պաշտոնական տվյալներով հայտարարված ցուցանիշներից, մինչդեռ Վրաստանում, ըստ բանախոսի, հակառակ պատկերն է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, բանախոսն ասում է՝ այնտեղ բնակչությունն ավելի շատ է ուռճացված, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանից առաջ է մոտավորապես 70 տոկոսով, ինչը շատ մեծ տարբերություն է, և Հայաստանը Ադրբեջանին անցնելու հեռանկար մոտակա տարիներին չունի․
«Չնայած եթե Ադրբեջանի դեպքում նավթային հատվածը հանենք և ոչ նավթային ՀՆԱ-ն հաշվենք, ապա Հայաստանը Ադրբեջանին անցել է դեռ 2017 թվականին»։
Նրա խոսքերով՝ եթե Հայաստանում այս տարի մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կկազմի 4.5 հազար դոլար, ապա Ադրբեջանում 7.7 հազար դոլար կլինի։
Ըստ բանախոսի՝ հետաքրքիր է նաև այն, որ 2019 թվականին Լեռնային Ղարաբաղը անցել է և Հայաստանին և Վրաստանին, և այնտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4,8 հազար դոլար։
Ինչ վերաբերում է ներդրումներին, մասնագետն ասում է, որ ներդրումների համար շատ կարևոր է քաղաքական կայունությունը։