Հայկական կողմը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն․ իրանագետը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանագետ Ահարոն Վարդանյանը չի բացառում, որ վերջին օրերին Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է աշխարհագրորեն ընդլայնվել։
«Մենք ականատես են ենք լինում դասական հիբրիդային պատերազմի, երբ երկու երկիր իրար դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում։ Չի բացառվում, որ աշխարհագրական տարածվածությունը կարող է ընդլայնվել, օրինակ ընդգրկել Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, մանավանդ, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է` եթե Իրանի վրա ամերիկյան հարձակում լինի, ապա այս կորպուսը հարվածելու է Դուբային, Հայֆային և Թել-Ավիվին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետը։
Թե ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա, Ահարոն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանին որոշակի վտանգ սպառնում է։
«Մանավանդ` եթե մի փոքր հետ գնանք, և հիշենք այն տեսագրությունը, երբ իրանական հակահետախուզությունը բացահայտում էր ամերիկյան հետախուզության որոշակի գործունեություն մեր երկրում։ Սա հաշվի առնելով, կարծում եմ, որ հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի և դրանով հանդերձ` վարի նախաձեռնողական քաղաքականություն՝ խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ և կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել»,- ասաց նա։
Իրանագետը հավելեց, որ հայ դիվանագետները իրավիճակին տիրապետում են և դիվանագիտական ճկունությամբ կարող են ճիշտ կողմնորոշվել։ Անդրադառնալով Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737» ինքնաթիռի կործանմանը, և հարցին, թե պատահականությո՞ւն էր սա, Ահարոն Վարդանյանը դժվարացավ հստակ ասել, որվհետև ինքնաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն։
Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ հավելեց, որ թեև պատճառների մասին դեռ հստակ նորություն չկա, բայց իրանական կողմը տեխնիկական պատճառների մասին է բարձրաձայնում։ Թե ինչո՞ւ պետք է բացառել Իրաքում հրթիռակոծված «Այն Ասադի» և «Էրբիլի» ռազմաբազաների կապ ունենալը ինքնաթիռի կործանման հետ, իրանագետը նշեց, որ հարվածները եղել են Իրաքի տարածքում, իսկ ինքնաթիռը Թեհրանում է կործանվել, և այնտեղ որևէ ռազմական գործողություն տեղի չի ունեցել։
Իրան-ԱՄՆ լարվածությունը հնարավո՞ր է 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ հանդիսանա․ իրանագետ Ահարոն Վարդանյանը նշեց․
«Կարծում եմ՝ այս լարվածությունը չի հանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի, որովհետև ներկայումս պատերազմները տեղի են ունենում հիբրիդային պատերազմ կոչված երևույթով և երկրները ոչ թե անմիջապես են բախվում իրար, ակլ տարբեր ազդեցության գոտիներում գտնվող ուժերի միջոցով, պարզապես կարող է տեղի ունենալ բախումների ընդլանում»։