Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Քաղաքականություն

«Գինիների արտահանումն աճել է 50 տոկոսով»․ Էկոնոմիկայի նախարար

Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ այսօր Կառավարության` 2019-ի ամփոփիչ նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային վիճակագրության կոմիտեի հրապարակած 11 ամիսների վիճակագրական տվյալներով՝ նոյեմբեր ամիսը տնտեսական ակտիվությամբ ռեկորդային է եղել ։

«11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության  ցուցանիշը 7,5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս իսկ արտահանման աճը՝ 9 տոկոս։ Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և արձանագրում են այն գաղափարախոսությունը որը մենք դրել ենք»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան նշեց, որ 2019 թվականին ապրանքների արտահանման բարձր ցուցանիշ է գրանցվել, հատկապես՝ կոնյակի արտահանման ոլորտում։ Այստեղ 27 տոկոսով աճ է նկատվում, ինչը նրա կարծիքով ուղիղ ձևով ապահովվում է գյուղատնտեսական ոլորտի զարգացումը։

«Գինիների արտահանումը այս 11 ամիսների ընթացքում աճել է 50 տոկոսով։ Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ։ Այս տարի 11 ամիսների ընթացքում ունենք 24 մլն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարիների ցուցանիշը, սա շատ հուսադրող և կարևոր ցուցանիշ է»։

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ այս տարի մրգային գինիների արտահանման աճ է նկատվել, ինչպես նաև աճել է վարունգի և ելակի արտահանումը։ Նոր զարգացող ուղղություն է շոկոլադի արտահանումը, որն այս տարի 15 տոկոսով աճել է։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց գինու արտահանման ցուցանիշները և ավելացրեց, որ մրգային գինիների արտահանման ցուցանիշները շատ ոգևորիչ  են։

 «Հայաստանում նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում, և աշխարհում մրգային գինիները այդքան էլ տարածված չեն և այս ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենք կարող են բավականին լուրջ հետաքրքրություն առաջացնել արտաքին շուկայում։ Կարևոր են նաև ելակի և վարունգի արտահանման ցուցանիշները, սա համընկնում է գյուղատնտեսության արդյունաբերականացման մեր տեսլականի հետ»։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ տնտեսական աճը պայմանավորեց պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությամբ, ցածր գնաճով և նվազող պետական պարտքով։