Հայաստանի ֆուտբոլի հավաքականը France Football-ի դասակարգմամբ 40-րդն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական France Football հանրահայտ հանդեսն ամեն տարվա վերջին համարում ամփոփում է ազգային հավաքականների ելույթները:
2019 թվականի արդյունքներով լավագույն հավաքական է ճանաչվել Բելգիայի ազգային թիմը, որն անցկացրած 10 խաղերում տարել է 10 հաղթանակ, խփել 40 և բաց թողել 3 գոլ: Նույնպիսի արդյունք է ցույց տվել նաև Իտալիայի ընտրանին, սակայն վերջինս 3 գնդակ քիչ է խփել, քան բելգիացիները:
Աղյուսակի երրորդ հորիզոնականում Պորտուգալիան է, չնայած հաղթանակների թվով այն զիջում է Իսպանիային (7-ը՝ 8-ի դիմաց), սակայն պորտուգալացիներն այս տարի դարձել են Եվրոպայի ազգերի լիգայի հաղթող:
Հայաստանի հավաքականը շաբաթահանդեսի հաշվարկով զբաղեցրել է 40-րդ տեղը՝ առաջ անցնելով անգամ Չեռնոգորիայից և Բուլղարիայից: Մեր թիմը 2019 թվականին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում տոնել է 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ վեցում պարտություն է կրել: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են 14 անգամ, իսկ սեփականը ընդոնել են 25 գնդակ:
2019թ ամենախոշոր հաղթանակներ տոնել են Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները, որոնք միևնույն 9:0 հաշվով ջախջախել են Սան Մարինոյի ազգային թիմին:
Վերջին 10 տարիների արդյունքներով Եվրոպայի լավագույն ազգային թիմերը Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներն են, որոնք իրենց գրաված տեղերի գումարով վաստակել են 40-ական միավոր: Դրանց հաջորդում են Անգլիան, Բելգիան և Իտալիան: