Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0522
A A
Հասարակություն

Երեխաների հուզական կապը շատ ուժեղ վնասվում է. իրավապաշտպանը՝ ընտանեկան բռնության մասին (տեսանյութ)

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դեկտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցելիս Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ, քննիչի և իրավապահների աչքի առջև կինն առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից։ Որոշ ժամանակ անց կինը վերադարձել է կենտրոն։ 
 
Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ կինը ինքնակամ գնացել է՝ որդուն տեսնելու:
 
Անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ հետընթաց էր կոմիտեի կողմից այդպիսի հայտարարություն անելը։ 
 
Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանը, որը առևանգման պահին այնտեղ է եղել, ասաց, որ կինն ուղղակի առևանգվել է, և իրավապահ մարմինների կողմից քայլեր չեն ձեռնարկվել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության աշխատակից Աննա Հակոբյանն իր հերթին նշեց, որ դեպքի մասին տեղեկանալու անմիջապես քայլեր են ձեռնարկել կնոջ անվտանգությունն ապահովելու համար։
 
«Կապ հաստատեցինք, ֆիզիկապես մեր գնալու կարիքը չեղավ։ Մենք կարողացանք անվտանգության հարցը տեղում լուծել», - նշեց ՄԻՊ ներկայացուցիչը։ 
 
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը նախ նշեց որ քննչական կոմիտեն իրենց ծանուցագրեր ուղարկելիս թերանում է, որով պատշաճ հնարավորություն չի ստեղծվում իմանալու, թե ինչ գործողությունների համար է կինը կանչվել առերես հարցաքննության։ 
 
Հաջորդ խնդիրն, ըստ փաստաբանի, կապված է ընտանեկան բնության դեպքերով քննիչների գործողությունների հետ։ Բացի այդ՝ Գալստյանն ասաց, որ մյուս խնդիրը ենթադրյալ բռնարարի հետ առերես հարցաքննության հետ է կապված։
 
 «Ընտանեկան բռնության ոլորտում միջազգային լավագույն փորձը մերժում է այս մոտեցումը։ Եվ, ըստ էության, եթե առկա է բռնություն գործադրած անձի և բռնության ենթարկված անձի ցուցմունքների միջև հակասությունները պարզելու, վեր հանելու, որոշակի հակասություններ, հանգամանքներ ճշգրտելու խնդիր, ապա դա կազմակերպվում է այլընտրանքային տարբերակներով», - շեշտեց նա։
 
Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերը բացասական են ազդում ծնողավարման վրա։
 
«Երեխաների հուզական կապը շատ ուժեղ վնասվում է», - նշեց նա։