Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 16-ը դեկտեմբերի․ Ինձ հայրենիքը քցեց. Տիգրան Կարապետյանը` ԱԼՄ-ի փակվելուց հետո (տեսանյութ)

Լեւոն Տեր-Պետրոսյանին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդը 1997-ի դեկտեմբերի 16-ին գումարում է իր առաջին նիստը: Քննարկվում են հայ գիտության ռազմավարական խնդիրները: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նույն օրը ապագա լրագրողները շփվում են գործող լրագրողների հետ : Ընդհանուր զրույցից պարզ է դառնում, որ լրագրող դառնալու համար այս ֆակուլտետն ավարտելը պարտադիր չէ:

1998-ի դեկտեմբերի 15-ին Երեւանում ամուսնանում են առաջին զոհված ազատամարտիկի դուստրն ու մարտակերտցի առաջին խմբի հաշմանդամ Իվանը: Վերջինս երկու տարի գերի է եղել Բաքվում: Պսակադրությունը հովանավորել են պաշտպանության նախարարությունն ու Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետարանը։ Նույն օրը երիտասարդ կոմունիստները բողոքում են Իրաքին ուղղված Ամերիկայի ռմբակոծություններից: Ամերիկացիներն, ըստ կոմունիստների, ուզում են ցույց տալ, որ իշխում են ամբողջ աշխարհին։

Նույն օրը Երեւանի փողոցներում հավաքված աղբով հանդերձ աղբատար մեքենաների շարասյուն է: Պատճառն այն է, որ չեն թողնում հավաքած աղբը դատարկել Նուբարաշենի աղբանոցում: Վերջինիս փողը՝ 12 միլիոն դրամը, սանմաքրման ձեռնարկությունը չի փոխանցել: Օրվա երկրորդ կեսին գործին միջամտում է քաղաքապետարանը՝ ստիպում է աղբանոցին, ընդունում են աղբը։

1999-ի դեկտեմբերի 15-ին Հրանտ Բագրատյանն ասում է՝ կարելի է միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, բայց պետք է որոշել՝ Արցախը մեզ հե՞տ է, թե՝ ոչ։ Նույն օրը իբրեւ բարի կամքի նշան Հայաստանի իշխանությունները ազատ են արձակում ադրբեջանցի ռազմագերի Ռաիլ Ֆարաջեւին: 19-ամյա այս տղան ձերբակալվել է 1998-ի մայիսին Վայոց Ձորի Խաչիկ գյուղի մոտ: Սակայն Հայաստանում շարունակում է մնալ ադրբեջանցի եւս 8 ռազմագերի: Մեր ԱԱԾ-ն ասում է՝ եթե Ադրբեջանը բաց թողնի մերոնց, մենք կշարունակենք ազատել նրանց գերիներին։

«Հայաստանի ավիացիան ամբողջովին քայքայված, մասնատված եւ հիմնականում կոռումպացված է»,-2000-ի այս օրը 4-ամսյա պաշտոնավարումից հետո հայտարարում է Հայաստանի քաղավիացիայի պետը: Բազմաթիվ քարտուղարուհիներ, բջջայինների անիմաստ զանգեր եւ սպառված վառելիքի դիմաց միշտ 14 տոկոս հավելյալ վճար,-ահա պարտքերի պատճառը։ Հաջորդ տարի այս օրն ավարտվում են «Զվարթնոց» օդանավակայանը «Աէրոպորտուս Արխենտինա» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական աշխատանքները: 120 օրվա ընթացքում 30 տարբվա կառավարման ժամկետով օդանավակայանը եւ բեռնահամալիրը կհանձնվեն Էդուարդո Էռնեկյանին, որին այսօր ընդունել էին նախագահն ու վարչապետը: Էռնեկյանը մտադիր է պահպանել «Զվարթնոցի» շենքը եւ այն վերածել բիզնես կենտրոնի, նոր «Զվարթնոցը կկառուցվի բարձրակարգ սպասարկման սրահի շենքի տեղում: Էռնեկյանն ասում է՝ գիտի, որ իր բռնած գործը ռիսկային է։

2001-ի այս օրը Բաքվից Երեւան է ժամանում Ամերիկայի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Նրան Սերժ Սարգսյանի հետ ընդունում է Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպումից հետո լրագրողները Ռամսֆելդին հարցնում են՝ ժամանակը չէ՞, որ Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը: Այս մարդը դժվարացավ պատասխանել կամ գուցեայդպես էլ չհասկացավ հարցը։

Ֆինանսների նախարարության մոտ նույն օրը բողոքի ցույց են անում «Հանրակացարաններ» ՓԲԸ աշխատակիցները: Նրանք 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Գրեթե բոլորն էլ փախստականներ են, որոնց միջին աշխատավարձը 7 հազար դրամ է: Նախարարությունից ասում են՝ կպատասխանենք մեկ շաբաթից։

2010-ի այս օրը Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում եթերազրկվում է ԱԼՄ-ն: «Փաստորեն ինձ Հայրենիքը քցեց»,-ասում է ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա վստահեցնում է, որ 15 միլիոն դոլար էր ներդրել այդ հեռուստաընկերության համար՝ սրա տակ քաղաքական պատճառներ կան։