Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Միքայել Մինասյանին և Վանեցյանին համարում եմ նախկին իշխանության մաս․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացավ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և իրեն աջակցող հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնած քաղաքական հավաքը՝ «Հանուն ապագայի, հանուն Հանրապետության» խորագրով։

Հավաքի ավարտին լրագրողների հետ զրույցում Բաբաջանյանն ասաց, որ այս հավաքը նոր կուսակցություն ստեղծելու միտում չունի։ Ըստ պատգամավորի՝ իրենք կկարողանան սեգմենտավորել (հատվածավորել, բաժանել) քաղաքական դաշտը և իրենց դիտարկած կարևոր բացը, որ առաջացել է քաղաքական իրողությունների հետևանքով, կփորձեն լրացնել։

Լրագրողի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ինքը վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, և վերջինիս աջակցությամբ է տեղի ունենում այս հավաքը, պատգամավորը պատասխանեց, որ չի ցանկանում առանձին կարծիքների անդրադառնալ, տեղյակ չէ՝ արդյոք Փաշինյանը գիտի՞ այս հավաքի մասին, վարչապետի հետ հեղափոխությունից հետո երբևէ առանձին հանդիպման հնարավորություն չի ունեցել։ «Որևէ աջակցության մասին խոսք լինել չի կարող»,- շեշտեց Բաբաջանյանը։

Քաղաքական գործիչն ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հեղափոխությունը անշրջելի դառնա՝ առանց պայմանավորելու իշխանությունների արձագանքներով։ «Ես տեսնում եմ, թե իշխանությունն ինչպիսի ջանքեր է գործադրում, բայց այդ ջանքերը բավարար չեն սպասարկելու այն սպասումները, որոնք առաջացել են հեղափոխությունից հետո»,- շարունակեց նա։

Բաբաջանյանը համոզված է, որ ներկայումս խորհրդարանական ընդդիմությունը («Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններ – հեղ․) դուրս չի եկել նախկինի իներցիայից, նախկին գործիքակազմից և նոր գործիք չի փնտրում ժողովրդական, ժողովրդավարական իշխանության հետ հարաբերվելու համար։

«Ա1+»-ի հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին  համարո՞ւմ է քաղաքական ուժ և հնարավոր ընդդիմություն, պատասխանեց, թե տեղյակ չէ՝ նրանք հայտ ներկայացրել են, թե ոչ։ «Բայց ես նրանց համարում եմ նախկին իշխանության մաս, և ամենաանհաջողին էլ համարում եմ Վանեցյանին, ի դեպ, ասեմ։ Եվ կարծում եմ, որ ի շարս «Վերնատան», Դաշնակցության, Հանրապետականի և մյուսների՝ Միքայել Մինասյանը և Վանեցյանը ևս ապագայի Հայաստանի ծրագրերում տեղ չպետք է ունենան»,- շեշտեց պատգամավորը։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե մի անգամ նշել է, որ Միքայել Մինասյանը եղել է Հայաստանի հաջողակ դեսպաններից մեկը, և հարցին, թե ինչո՞ւ է նման բան ասել, պատասխանեց, որ մի քանի անգամ պարզաբանել է։ «Որովհետև երկու կարևոր միջոցառում եմ արձանագրել և առանձնացրել․ Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում  , Սուրբ Պետրոսի տաճարում պատարագն իր նշանակությամբ, իր կարևորությամբ աննախադեպ էր։ Եվ դրան հաջորդած Հռոմի Պապի այցը ևս աննախադեպ էր։ Եվ այդտեղ կարծում եմ, որ դեսպանի ջանքերը կարևոր տեղ ունեն և կարևոր նշանակություն են ունեցել»,-  պարզաբանեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե վերջերս ադրբեջանական «ՍիԲիՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, թե Արցախյան հիմնախնդրի բանակցությունների ժամանակ ինչ-որ փաստաթուղթ է քննարկվել, սակայն մեր Արտգործնախարարությունը հերքում է, և հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այս ամենի հետ կապված, Արման Բաբաջանյանը պատասխանեց, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ խորհրդաժողովի ժամանակ այդ պատասխանները տվել է, և Մամեդյարովի հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ։ «Եվ մեր դիրքորոշումները, որոնք արտահայտվեցին ելույթով մեր արտգործնախարարի, շատ պինդ էին և ամուր»,- ընդգծեց նա։

Բաբաջանյանը չբացառեց, որ ստեղծվելիք կուսակցության շուրջ հետագայում կլինեն քաղաքական խմորումներ, քննարկումներ և ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարի։ 

Վերադառնալով Արցախյան հիմնախնդրին՝  Բաբաջանյանն ասաց, որ այն կարծիքին չէ, որ այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը որպես առանձին միավոր ներկայացված կլինի բանակցային գործընթացին։ «Ա1+»-ի հարցին, իսկ եթե ներկայացվե՞ն, պատասխանեց, որ դա խնդիր կլինի։ «Ես կարծում եմ, որ Երևանը որևէ պարագայում դրան չպետք է մասնակցի և չպետք է համաձայնի»,- եզրափակեց պատգամավորը։