Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0457
A A
Հասարակություն

Ընթանում է Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը. փաստաբաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավորին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
 
Նազիկ Ամիրյանի փաստաբանական խմբի անդամ Գուրգեն Գրիգորյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Նախագահող դատավորին՝ պատճառաբանելով, որ գործն անջատելով խախտել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի արդար դատաքննության իրավունքը։ Փաստաբանն ասաց, որ դատարանի կողմից հաշվի չի առնվել մեղադրյալ կողմի առարկություները գործերն անջատելու հարցում։ 
 
Իր հերթին փաստաբան Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց «Ա1+»-ի դատական նիստերը, որոնք ուղեկցվում էին դատարանի վրա գործադիր իշխանության կողմից ճնշումներով։ Բաղդասարյանը նույնպես միացավ ինքնաբացարկի միջնորդությանը։ Փաստաբանների նշում էին, որ գորղերի անջատումով չի լինի արդար դատաքննության։ «Միանում եմ պաշտպանությանը», - իր հերթին նշեց Նազիկ Ամիրյանը։
 
Դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալ կողմերը չեն կարող միմյանց հետ մրցակցել դատական գործընթացում, քանի որ մրցակցող կողմերը լինում են մեղադրող կողմը և պատասխանող կողմը։ «Կարող ենք անցկացնել օբյեկտիվ դատական քննություն առանձին-առանձին», - նշեց Դիլմազյանը՝ հավելելով, որ հնարավոր է առանձին հետազոտել  գործերով ապացույցները և համադրել։ Դատախազ անհիմն համարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ 
 
Նշենք, որ գործը նոյեմբերի 26-ին անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից՝ վերջինիս առողջական խնդիրներով պայմանավորված հետաձգումներից ելնելով։ Գործի անջատվելուց հետո սա առաջին նիստն է, քանի որ դեկտեմբերի 3-ին նշանակված նիստը չէր կայացել։ 
 
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
 
Ավելի ուշ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը։ 
 
Նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։
 
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
 
«Դատաքալեքս» համակարգում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։