Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Փոխհատուցում են պահանջում․ արծվաշենցիները հավաքվել են կառավարության մոտ (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղի (գրավված է Ադրբեջանի կողմից) նախկին բնակիչները հավաքվել են կառավության մոտ։ Նրանք 6 միլիարդ դրամի փոխհատուցում են պահանջում իշխանություններից։ 

Նրանց ձեռքին «Արծվաշենցիները պահանջատեր են», «Պարզել Արծվաշենի հանձման հանգամանքները», «Պահանջում ենք արծվաշենցիների ունեցվածքի կորուստի փոխհատուցում» գրառումներով պաստառներ են։ 

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի սեպտեմբերին 20-ին արծվաշենցիները եկել էին կառավարություն շենքի մոտ, սակայն դեռևս իրենց խնդրի լուծումը չեն ստացել։

«Արծվաշենցին այս պահին անտեսված է։ Այս պահին ինչ տեսնում եք պաստառներին, դրա մասին է վկայում։ Ուզում եմ ասել, որ մեր նախորդ հանդիպումը, որ եղավ մեր հարգարժան վարչապետի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց 20-օրյա ժամկետում հարցը նախապատրաստել, և մեր պատվիրակությանն ընդունել։ Մենք հույսով-հավատով եկել էինք»,- նշեց Ղուլյանը՝ հավելելով, որ հուսախաբված են։

Հայրենակցական միության նախագահը հիշեցրեց, որ 2009 թվականին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ արծվաշենցիների նյութական կորուստների փոխհատուցման գումար սահմանվել է 6 միլիարդ դրամը, 2011-ին տրվել 708 միլիոնը, որից օգտվել են 2000 հոգի, յուրաքանչյուրին բաժին է հասել մոտ 360 հազար դրամ։

2002-04 թվականներին, ըստ նրա, ընդհանուր առմամբ տրվել է 50 միլիոն դրամի փոխհատուցում։

Վերադառնալով սեպտեմբերի ամսվա իրադարձություններին՝ Ղուլյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել։

«Մեր հարգարժան վարչապետը մեր պատվիրակության ներկայությամբ իր օգնականներին, խորհրդատուներին, խորհրդականներին հրահանգեց 7-օրվա ընթացքում նախապատրաստել արծվաշենցիների խնդիրը, այսինքն՝ նախապատրաստելու հանձնարարական տվեց․ արխիվից հանել, ֆինանսների նախարարին  և այդպես շարունակ։ Ասեցին՝ 7 օր, վարչապետն ասեց՝ 7 օրը քիչ է․ ասեց՝ 20 օրվա ընթացքում։ 20 օր անց պետք է, որ մենք հանդիպում ունենայինք, բայց հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ»,- ընդգծեց նա։

Ղուլյանն ասաց, որ հետագայում հանդիպել են նաև այլ պաշտոնատար անձանց հետ (Տարածքային կառավարման նախարար, մարզպետ), սակայն որևէ փոխհատուցում մինչև այժմ չի տրվել։ Արծվաշենցիները այժմ հանդիպում են պահանջում  վարչապետի կամ գոնե փոխվարչապետի հետ։