Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Իմ նախաձեռնության պատճառը «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» անգործությունն է. Արման Բաբաջանյան

«Ա1+»-ը հարցազրույց է ունեցել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

 

- Դուք հանդես եք եկել նախաձեռնությամբ, որով կոչ եք անում, ինչպես նշել եք, նախկինը մերժող բոլոր ոչ իշխանական ուժերին, անհատներին հավաքվել՝ ապագայի ծրագրերն ու անելիքները որոշելու համար: Ի՞նչ հավաքի մասին է խոսքը, ո՞ր անհատներին ու ուժերին է ուղղված ձեր կոչը:

- Նախաձեռնությունն ուղղված է բոլոր այն անհատներին, քաղաքացիական ակտիվ խմբերին ու քաղաքական ուժերին, ովքեր, այո, եղել են հեղափոխության պաշտպանն ու կոմնակիցը։ Ովքեր միարժեքորեն մերժել են նախկին արատավոր համամակարգը, և ովքեր այսօր էլ իրենց համարում են հեղափոխության գաղափարի պաշտպանն ու կրողը, բայց միևնույն ժամանակ տարակարծություններ ունեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության, իրականացվող քայլերի հետ: Դժբախտաբար, հեղախությունից հետո մեր քաղաքական դաշտը ֆորմալ առումով դարձել է երկբևեռ, լավագույն դեպքում՝ եռաբևեռ: Մի կողմում հեղափոխական իշխանությունն է, մյուս կողմում նախկին իշխանության ներկայացուցիչները՝ Քոչարյանական շրջանակներն ու ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով։ Վերջին երկուսն, ի դեպ, շատ դեպքերում հանդես են գալիս միասնաբար: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդը, քաղաքացին ըստ էության կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ դառնալ մոլի իմքայլական, կամ հարել քոչարյանասարգյսանական ճամբարին:

Բայց կա մարդկանց հսկայական զանգված, որի քաղաքական նախընտրություններն այս երկու կամ երեք բևեռներից դուրս են: Այդ զանգվածի համար անցյալը միանշանակորեն մերժելի է, նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխությանը, ամեն կերպ դեմ են նախկինի վերադարձին: Միևնույն ժամանակ, այս խմբի ներկայացուչների համար անընդունելի են հեղափոխական իշխանության կողմից իրականացվող շատ քայլեր, նրանք խնդիրներ են տեսնում գործող իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականության, օրինակ՝ սոցիալական կամ արտաքին քաղաքականության ասպարզում: Եվ ստացվում է, որ քաղաքական դաշտում կա զգալի կշիռ ունեցող ազատ տարածություն կամ վակուում, որը երբևէ լցվելու է: Եվ շատ կարևոր է, որ այդ ազատ տարածությունը լցվի իրապես առողջ գաղափարներով, մրցունակ ուժերով ու ծրագրերով:

- Ո՞րն է լինելու ձեր նախաձեռնությանը, այդ հավաքին հաջորդող քայլը: Դուք արդեն պատրաստվում եք նոր քաղաքական ո՞ւժ ստեղծել, ինչը չէիք հերքել:

- Լինեմ անկեղծ՝ այս պահին որևէ առարկայական պատկերացում չունեմ հաջորդ քայլի կամ քայլերի մասին: Այսօր ես ընդամենը տեսնում եմ իմ նշած անհատների, ուժերի միավորման, համախմբման անհրաժեշտություն, եթե կուզեք՝ հրամայական: Որը կլինի հաջորդ քայլը, այս պահին չգիտեմ: Միաժամանակ հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ այդ հավաքը կդառնա այն մեկնարկը, որից կծնվեն նաև հաջորդ քայլերը: Եվ ինչու ոչ, հնարավոր է այդ քայլերի թվում լինի նոր կուսակցության ստեղծումը, բացառված չէ արդեն իսկ գործող ուժերի համախմբումը որևէ նոր ձևաչափով: Բայց դրանք, հավատացեք, տեխնիկական խնդիրներ են, որոնք հեշտ լուծելի են ժամանակի ու տարածության մեջ: Այս պահին շատ ավելի կարևոր է, որ համախմբման գաղափարը կյանքի կոչվի, իսկ ձևերն ու ձևաչափերը կծնվեն ժամանակի ընթացքում:

- Փաստորեն, եթե ձեր նախաձեռնությունը հաջողի, գոնե ֆորմալ առումով դուք կարող եք ձեռնոց նետել առաջին հերթին խորհրդարանական ընդդիմությանը՝ «Բարագավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»: Հետագա զարգացումներում, այդ թվում ընտրական շրջափուլերում մրցակից եք լինելու:

 Իրականում իմ նախաձեռնության դրդապատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, այն իրավիճակն է, որը ստեղծվել է Ձեր նշած ուժերի գործունեության, իսկ շատ դեպքերում անգործության պատճառով: Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցան շատ փոփոխություններ, որոնք, սակայն, չհասան կամ դեռևս չեն հասել քաղաքական համակարգին: Հեղափոխությունն իր հետ բերեց միանգամայն նոր իրավիճակ, նոր խնդիրներ, մարտահարվերներ ու հնարավորություններ, որոնց պետք է հարմարվեին քաղաքական ուժերը: Սակայն մեր կուսակցությունները, այդ թվում՝ այսօրվա խորհրդարնական ընդդիմությունը, իրենց մեջ ուժ չգտան դուրս գալու նախկինի կաղապարներից, նախկին բովանդակությունից ու ձևից և, ըստ էության, մինչև այսօր գոյատևում են ինեցիայի ուժով: Այսինքն՝ մենք ունենք նոր իրականություն, նոր քաղաքականության պահանջարկ ու անհրաժեշտություն, սակայն հին ուժեր՝ հին գաղափարներով, հնացած մեթոդներով ու գործիքներով:

Ի դեպ, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» կարող էին դառնալ իմ նշած զանգվածի շահերի ու մտահգությունների արտահայտողը, բայց նրանք չօգտագործեիցն այդ հնարավորությունը: Համենայնդեպս, այն խավը, որի մասին վերը նշեցի, իր նախընտրությունները չի կապում այդ ուժերի հետ: Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ չկա իշխանությանն իրական այլընտրանք համարվող քաղաքական ուժ կամ այդպիսի ուժերի միավորում: Նման հայտ են փորձում ներկայացնել նախկին իշխանության ներկայացուցիչները, պայմանականորեն ասած՝ ռևանշիստները։ Այդ փորձերը, վստահ եմ, դատապարտված են ձախողման: Մեզ անհրաժեշտ է իշխանությանը  իրական այլընտրանք, որը կլինի իշխանությունից ավելի լավը՝ ինչպես գաղափարապես, սկզբունքների ու ծրագրերի առումով, այնպես էլ այն ներկայանցող անհատների իմաստով: Սա չափազանց անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգի առողջացման տեսանկյունից, խիստ անհրաժեշտ է հակակշիռների ու փոխզսպումների գոյության համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրոդ մասին՝ ապագայում ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին կհամարեմ մրցակից, թե ոչ, ապա շատ ուրախ կլինեմ առողջ մրցակցության համար ցանկացած ուժի հետ: Մեր քաղաքական համակարգին օդ ու ջրի նման անհրաժեշտ է առողջ մրցակցությունը, առանց որի պետությունը չի կարող կենսունակ լինել ոչ կարճաժամկետ ու միջնաժամկետ, ոչ էլ առավել ևս՝ երկարաժամեկտ առումով:

- Իսկ հաշվարկե՞լ եք արդյոք հնարավարությունը, ռիսկը, որ Ձեր նախաձեռնությունը կարող է տապալվել: Ի՞նչ եք անելու այդ դեպքում:

- Իհարկե, հաշվարկել եմ, թեև հույս ունեմ, որ հոռետեսական կանխատեսումները չեն իրականանա, քանի որ իմ նշած միավորի կամ միավորների, բևեռի կամ բևեռների ստեղծումը կենսական անհրաժեշտություն է: Չի հաջողվի անել դա ինձ, վստահ եմ՝ կհաջողի այլոց, դա տեղի կունենա տեսանելի կամ հեռավոր ապագայում: Ես պարզապես իմ հնարավարությունների սահմաններում փորձում եմ իմ չափով նպաստել այդ գործընթացի արագացմանը: Թավշյա հեղափոխությամբ մենք ստացել ենք ավելի լավ երկիր ունենալու պատմական հնարավարություն: Բայց այդ ընթացքը երաշխավորված չէ: Լայն իմաստով՝ հեղափոխությունը վտանգի տակ է ամեն օր, և այդ վտանգը բխում է ոչ միայն ու երբեմն ոչ այնքան հակահեղափոխականներից, որքան նույն հեղափական թիմից, որը իր ոչ խոհեմությամբ, ոչ կոմպետենտությամբ ու ոչ պրոֆեսիոնալությամբ պարբերաբար վտանգում է հեղափխությունը: ՈՒ թող պարադոքսալ չհնչի, երբեմն անհրաժեշտություն է զգացվում հեղափոխությունը, հեղափոխության գաղափարն ու փիլիսոփայությունը պաշտպանել առաջին հերթին հեղափականներից: Իմ նախաձեռնությունը ես դիտարկում եմ հենց այս՝ լայն համատեքստում, մեզ ընձեռված հնրավարության իրագործման, ավելի լավ Հայաստան ունենալու շանսի համատեքտում: