Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեկ կետից կորդինացվող կոռուպցիա Հայաստանում չկա․ կոռուպցիա կա ցածր մակարդակում․ Է․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունում է Հայկուհի Հարությունյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը։

Ըստ պարոն Մարուքյանի՝ Հայկուհի Հարությունյանն արժանի թեկնածու էր։

«Ես նրան վաղուց եմ ճանաչում, և մեր առաջադրման հիմքում հենց այն է եղել, որ մենք նրան ամբողջությամբ վստահում ենք նրա թե՛ բարեվարքության, թե՛ մասնագիտական կարողությունների բարձր մակարդակը։ Հանձնաժողովի առաջին կազմից շատ բան է կախված, որովհետև հենց այս կազմն է, որ իր ներդրումն է ունենալու հանձնաժողովի հիմքը դնելու առումով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայսատան» խմբակցության ղեկավարը ակնկալում է, որ հանձնաժողովը կոռուպցիայի կանխարգելման գործում մեծ ներդրում կունենա։

«Դրա մեջ մտնում է թե՛ հայտարագրերի ներկայացման և ուսումնասիրման մոնիթորինգը, թե նաև հակակոռուպցիոն կրթություն կազմակերպելը և իրազեկելը։ Պետք է ոչ թե սպասենք, որ ինչ-որ մեկը կոռուպցիայի մեջ թաթախվի, ու գնանք բռնենք, այլ այնպես անենք, որ բոլորը կոռուպցիայից զերծ լինեն, և բոլոր հնարավոր անցքերն էլ խորհրդարանում մեր կողմից ընդունված օրենքներով փակենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե այսօր Հայաստանում կոռուպցիա կա՞, «Լուսավոր Հայսատան» խմբակցության ղեկավարը նշեց, որ կոռուպցիա միշտ կա, այլ բան է, թե որքան է դրա տարածվածությունը։

«Համակարգված կառավարվող, մեկ կետից կորդինացվող կոռուպցիա Հայաստանում չկա, այսօր կոռուպցիա կա ցածր մակարդակում։ Մենք հիմա տվյալ ունե՞նք, թե ինչ-որ նախարար կոռումպացված է, հենց ունենանք ԱԺ ամբիոնից ես դրա մասին կխոսեմ։ Կառավարության ամենաբարձր մակարդակով քաղաքական կամք կա և այն պետք է իջեցնել մինչև ամենացածր իշխանավորների մակարդակ, որը շատ բարդ գործ է, և հիմա դրանով պետք է զբաղվենք»,- ասաց նա։

Հարցին, իսկ նախարարներից ո՞վ է ամենավատ նախարարը, որի շուրջ քննարկում է եղել խմբակցությունում, Էդմոն Մարուքյանն ասաց՝ դեկտեմբերին կհայտարարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։