Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Այդքան կասկածամիտ մարդ չեմ․ «Դոլմամա»-ի սեփականատերը՝ հրդեհի հնարավոր միտումնավորության մասին

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր և սեփականատեր, տնօրեն Ժիրայր Ավանյանի հետ։ Վերջինս շտապեց տեղեկացնել, որ հրդեհն իրենց էական վնաս չի հասցրել՝  հարևան շենքից է սկսվել։

«Մեր շենքի կտուրին է մի քիչ վնաս տվել , բայց ռեստորանին՝ բոլորովին։ Կրակը սկսել է հարևան շենքից, քամին կպցրեց կրակը մեր կտուրին, բայց այդ ժամանակ արդեն հրշեջները, որ այստեղ էին, միանգամից դրա վրա հարձակվեցին ու կանգնացրեցին։ Լավ պրծանք. կարող եմ ասել, որովհետև փայտ է ամեն դեպքում, հին շենք է և արագ կվառվեր»,- նշեց «Դոլմամա»-ի հիմնադիրը։

Իսկ մոտավոր վնասների մասով՝ Ավանյանն ասաց, որ ինքը պետք է վերանորոգի և դեռևս չի հաշվարկել ծախսը։ «Ջրել են այդ տեղը, ջուրը կհոսի մինչև մեր հարկ և վնաս կտա պատերին, այդ մասով էլ դեռ չգիտեմ։ Այն փաստից բացի, որ մենք լույս չունենք շենքի կեսում, մնացածում պատրաստ ենք հյուր ընդունել»,- մանրամասնեց Ավանյանը։

 Հարցին, թե իր կարծիքով՝ դա մարդկային գործոնի հետևանք էր, միտումնավոր էր, թե՞ ուղղակի պատահականություն, Ժիրայր Ավանյանը պատասխանեց, որ իհարկե կայծակը չի խփել, մարդկային գործոն կար․ «Կողքի շենքում վերանորոգման աշխատանքներ էին անում։ Վստահ եմ՝ ինչ որ մի սխալ կատարվել է․ կա՛մ ջեռուցման սարք են միացրած թողել, կա՛մ վարպետը սիրում էր ծխել ու ծխախոտը գցել է այնտեղ, որտեղ չպետք է գցեր, այդպես»։

Դիտարկմանը, թե այսօր այդ տարածքի բնակիչների մեջ պնդողներ են եղել, որ հրդեհի կազմակերպիչը կարող էր լինել գործարար Սամվել Մայրապետյանը, քանի որ նրա ձեռագիրն է և որ ամռանը Տերյան 23-ի հասցեի վրայի մի տուն էր հրդեհվել, Ավանյանը պատասխանեց, որ ինքն այդքան կասկածամիտ մարդ չէ, ամեն օր կարող է անակնկալ լինել։ Նա ասաց, որ Մայրապետյանն այդ շենքը վարձով է տվել, այդտեղից գումարներ է ստանում տնվորներից և դժվար թե այրած լինի գումարի աղբյուրը։

«Իհարկե դա ինձ ձեռնտու թեորիա է, բայց ես ոչ մի բան չեմ կարող ապացուցել, ես թողնում եմ դա որպես մարդկային ֆակտոր։ Շատ բան կարելի է ասել, բայց ես չեմ կարող ասել դա։ Դժվարանում եմ ինքս ինձ թույլ տալ մարդուն վերագրել մի բան, որն անգամ ինձ մոտ միանգամից կասկած չի առաջացրել։ Բայց մարդիկ իհարկե ամեն ինչ տեսել են, և չեմ կարող ասել, որ մարդկանց մոտ այդպիսի միտք չի կարող առաջանալ։ Ես մի քիչ տարիքով մեծ եմ և գիտեմ, որ հնարավոր է կրակ է վառած թողնվել, պատը էլեկտրական պլիտայով չորացնելուց և այլն»,- եզրափակեց «Դոլմամա»-ի սեփականատերը։