Բնակիչները կասկածում են, որ «Դոլմամա» ռեստորանի հրդեհը միտումնավոր է կազմակերպվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը, տարածքի բնակիչների կարծիքով, միտումնավոր է արվել։
«Այս տարածքը գերակա հանրային շահ է ճանաչվել, Սամվել Մայրապետյանը ձեռք է բերել, և նրան ի վերջո շատ է պետք, որ այրվեն տարածքները, որպեսզի կարողանա իր ցանկացած շինությունը կառուցել։ Ամռանը մի տուն Տերյան 23-ում գիշերն էր հրդեհվել, նույն ձեռագիրն է»,- նշեց տարածքի բնակիչներից Արմինե Գյուլգյուլյանը։
«Պետք էր, որ այս տարածքները այրվեն, որպեսզի հրդեհը բռնկվելով՝ գար և տարածվեր նաև մեր փայտե տների վրա»,- ասում է նա։
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրդեհը ոչ մի կողմի վրա չի կարող զարգանալ։
Հրդեհի պատճառների մասին նա որևէ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ պետք է հատուկ հրդեհատեխնիկական փորձաքննություն իրականացվի։
Նշում է՝ հստակ է մեկ բան, որ մարդկային գործոնի հետևանք է, այսինքն՝ հնարավոր է տեխնիկան լարերը ոչ ճիշտ միացված են եղել, հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել, և դրա հետեւանքն է։
Դեպքի վայրում էր նաև ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, իսկ փրկարարները շատ արագ հասել են դեպքի վայր և կանխել հրդեհի տարածումը։
Ինչ վերաբերում է բնակիչների պնդումներին թե հրդեհը միտումնավոր է կազմակերպվել, նախարարն ասաց՝ տեղյակ չէ։