Ո՞վ է կասկածում
Աջակցիր «Ա1+»-ինՀայ Ազգային կոնգրեսը եւ Լեւոն Տեր - Պետրոսյանը 2009 թվականի ընթացքում հրաժարվել են հանրահավաքներ անցկացնելուց՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի հարցի վրա բացասական հետեւանքներ չթողնելու նպատակով:
Սակայն դրության կայունանալուն պես կոնգրեսականները պատրաստվում են պայքարել հանուն իշխանափոխության: Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են գյումրեցի համախոհների ու գործընկերների հետ:
Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի անդամներն իրենց պայքարը համարում են ոչ թե հանուն իշխանության, այլ ժողովրդի բարեկեցության: Գագիկ Ջհանգիրյանը, ով այժմ ղեկավարում է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական կենտրոնը, նշեց, որ իրենք նպատակ չունեն ամեն գնով Լեւոն Տեր - Պետրոսյանին նստեցնել երկրի նախագահի աթոռին:
Հայ Ազգային Կոնգրեսի անդամները գտնում են, որ այսօրվա իշխանություններից ոչինչ պահանջել չի կարելի, քանզի նրանք լեգիտիմ չեն: Իսկ հիմնովին բարեփոխումներ երկրում հնարավոր կլինի իշխանափոխության դեպքում: Այդ բարեփոխումները հատկապես անհրաժեշտ են դատաիրավաբանական ոլորտում:
Կոնգրեսականներն ամփոփելով իրենց հանդիպումը, համոզմունք հայտնեցին, որ շուտով հաղթանակ են տոնելու՝ կատարելով իշխանափոխություն: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ դրանում չի կասկածում եւ կասկածող է փնտրում:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ