Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ․ Փաշինյանը բյուջեի նախագիծը հեղափոխական է համարում (տեսանյութ)

 Ազգային ժողովում 2020թ․պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ելույթը սկսեց 2 կարևորագույն հարցերին պատասխանելով․ արդյո՞ք 2020թ․բյուջեի նախագիծը հեղափոխական է, և ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում։

Վարչապետը հիշեցրեց՝ 2018թ․-ին, երբ դեռ վարչապետ չէր ընտրվել, հայտարարել էր, որ 1-2 տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն պետք է ավելանա 30-ից 35%-ով։

«Հիմա 2020թ․ պետական բյուջեում եկամտային մասը 2018թ․-ի եկամտային մասի համեմատ գերազանցել է 27,4 %-ով։ Եթե սրան գումարենք նաև 2018թ․ ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33%։ Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք Հարկային օրենսգրքի փոփոխության, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունքում, մեր աճն արդեն կազմում է ավելի քան 35%։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյո՞ք այս բյուջեն հեղափոխական է, այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել բյուջեի այն դրույթները, որոնք հեղափոխական են։ Օրինակ՝ ըստ վարչապետի, 2020թ․ -ին նախատեսված կապիտալ ծախսերը 2018թ․-ի ցուցանիշի նկատմամբ ավել են 135, 1%։

«Հեղափոխությունից առաջ եկամտային մասի միջին վիճակագրական աճը եղել է 7%, մենք այս տեմպը կրկնապատկել ենք, եթե այս ցուցանիշը հաշվի ենք առնում, բյուջեի մեր միջին տարեկան աճը կազմում է 14%, նախկին 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հեղափոխական է համարում նաև 2020թ․-ի ընթացքում ճանապարհների կառուցման, նորոգման համար բյուջեով նախատեսված գումարը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս բյուջեով ճանապարհների համար նախատեսվում է այնքան գումար, ինչքան որ 2015, 2016, 2017 թթ․ բյուջեներում ճանապարհների կառուցման ու նորոգման համար նախատեսված գումարը միասին վերցրած։

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում, վարչապետը որոշ օրինակներ բերեց։

«Որ երեխայի մինչև 18 տարեկանի հիվանդանոցային ծառայությունը անվճար է լինելու, մարդի կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ։ Որ ուսուցչի աշխատավարձը բարձրացել է, մարդի կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ, որ զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ, որ բանակում զինվորականների սննդի համակարգ է փոխվել, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ․․․․ Բա զինվորի ծնողը, որն այսօր չի մտածում՝ վա՜յ, երեխես էսօր ի՞նչ կերավ, դեռ էսօր չէ, որովհետև կան ծնողներ, որոնք դեռ մտածում են։ Էն զինվորը, որը տեսակցության գնալիս չի մտածում՝ հարևանից պարտք անեմ, մարդավարի սնունդ տանեմ տամ. բա էդ զինվորի ծնողի կյանքը դրանից չի փոխվո՞ւմ, բա ո՞նց է լինում կյանքի փոփոխությունը»,- շեշտեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։