Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով». Փաշինյանը՝ Ղուկասյանին և ոչ միայն (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանին հետաքրքրեց, թե Կառավարության կողմից ներկայացրած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի իրավական կարգավորումներները բավարա՞ր են քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու համար։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան տալու, վերցնելու կամ պահպանելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներ ստեղծելու համար։

Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական թիմը ձևավորել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։ «Քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ միասին պետք է արմատխիլ արվի, եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիս է լինելու և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքերով չանցնի կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով բառի բուն իմաստով։ Որևէ մեկը չփորձի նախկին, թե ներկա, որ ասենք Հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի թե կարող է թպրտալ, պատերով կտանք, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չանեն, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դեմ է արտահայտվել այս նախագծի վերաբերյալ և նշել, որ աշխարհում «օրենքով գողերից» խելոք մարդիկ չկան: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է եղել 2000-12թթ․։

Ինչ վերաբերում է բուն հարցին՝ թե վերը նշված օրենքների նախագծերի իրավական կարգավորումներները քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու համար բավարա՞ր են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը դժվարացավ պատասխանել։   

«Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, եթե տեսնեք, որ դա բավարար չէ, ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք»,- հավելեց նա։