«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու 2020թ․ պետական բյուջեի նախագծին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 2020թ․պետական բյուջեն չի համարում հեղափոխական։
Ըստ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ այն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է։ Այս մասին խորհրդարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց նա՝ նշելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020թ․ պետական բյուջեի նախագծին։
«2020թ․ պետական բյուջեն չենք համարում հեղափոխական։ Այն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է։ Այսինքն՝ այս բյուջեով այն ցուցանիշներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ, չենք կարող հասնել: Դեռևս փետրվարին, Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- նշեց Միքայել Մելքումյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ համախառն ներքին արդյունքը 4,9 տոկոս է, մինչդեռ նախորդ տարիներին նվազագույն տոկոսը սահմանվում էր 5-7 տոկոս, ուստի այս ցուցանիշը կարելի է համարել հետնահանջ:
«Այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, պաշտպանության մակարդակի համապատասխան երաշխիքների կատարումը»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ անբավարար է համարում Կառավարության այն արձանագրումները, ըստ որի՝ թոշակները, ուսուցիչների աշխատավարձն այս կամ այն չափով պետք է բարձրանա:
«Այս տարի պետական ծախսերը, որը նախատեսված է եղել 220 մլրդ դրամ, հիմա` նոյեմբերի 1-ի դրությամբ, դրանից 89 մլրդ դրամն է ծախսվել, այսինքն՝ մոտավորապես 500 միլիոն դոլարից 150 դոլարն է ծախսվել: Իսկ մնացած գումարին տեղ չկա, Կառավարությունը չի կարող ծախսել: Այ քեզ բան, ես չհասկացա, այսինքն՝ մեզ գումար է անհրաժեշտ, վարկեր ենք ներգրավում, և այլն, հիմա փողը կա, պետք է մարդ գտնենք, որ ծախսե՞նք: Սրա բացատրությունն այն է, նախ՝ քաղաքական մակարդակով հնչել է, որ բոլոր տենդերները, որտեղ որ հիմնականում պետք է իրացվեն այս պետական ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, և նորերը չեն առաջանում, դրանց մի մասի վրա էլ քրեական գործեր է հարուցված»,- ընդգծեց Միքայել Մեքումյանը:
Տեսանյութը՝ քիչ անց։