Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

21-րդ դարում էլ կարելի է դասական երաժշտություն գրել. Ալեքսեյ Շոր (տեսանյութ)

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կայացավ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց հատվածներ Շորի՝ «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը մենակատար՝ Վիկտոր Ժուլիեն Լաֆերիերի կատարմամբ‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից և «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար Ինգոլֆ Վունդերի մենակատարությամբ։

Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցեց Ալեքսեյ Շորի հետ։

Կոմպոզիտորի խոսքով, «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը բացառիկ է իր ձևաչափով‚ իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միշտ ուրախ է համագործակցել։

«Արդեն հաշիվը կորցրել եմ, թե որերորդ անգամ եմ այցելում Հայաստան։ Շատ եմ սիրում հայ հանդիսատեսին։ Առաջին իսկ հանդիպումը շատ «ջերմ» ստացվեց։ Ամառ էր, սարսափելի շոգ էր դահլիճում, սակայն հանդիսատեսը «դիմակայեց»։

Մաթեմատիկոսի և երաժշտի մասնագիտությունների միջև Ալեքսեյ  Շորը նախընտրեց երաժշտությունը։

«Իմ կուռքը՝ Բախն է։ Հետո վիենական դասականների երաժշտությունն եմ նաև սիրում։ Այո, 21-րդ դարում ևս կարելի է գրել մեղեդային երաժշտություն։ Ավանգարդն իմը չէ»,- ասում է կոմպոզիտորը։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Շորին անցյալ տարի շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում: Նա 2018-2019 թվականների համերգաշրջանում Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի կոմպոզիտոր-ռեզիդենտն է: