Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող Grand Chess Tour-ի հերթական փուլին։

2019 Superbet Rapid & Blitz անունը կրող մրցաշարում հանդես կգան 10 շախմատիստ։ Նոյեմբերի 6-8-ը մասնակիցները կանցկացնեն արագ շախմատի 9 պարտիա (միավորների կրկնակի հաշվարկով), իսկ նոյեմբերի 9-10-ին՝ կայծակնային շախմատի 18 պարտիա։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 37․500, իսկ 10-րդ տեղը՝ 7․500 դոլար։

Հավելենք, որ Grand Chess Tour-ի շրջանակում արդեն կայացած 5 փուլից հետո մրցաշարային աղյուսակը 54,5 միավորով գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Լևոն Արոնյանը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ առայժմ բաժանում է 4-6-րդ տեղերը, սակայն մեր շախմատիստը մեկ փուլ քիչ է անցկացրել։