Հոկտեմբերի 27-ի գործով առաջնային տուժողը պետությունն է․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատները, ընտանիքի անդամները, ընկերներն ու քաղաքական գործիչներն այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն ևս մեկ անգամ խոնարհվելու զոհերի հիշատակի առաջ։
Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը, քննության ընթացքին և ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու հնարավորություններին։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ է հանդիպել քննչական խմբի ղեկավարի, որն իր գնահատմամբ՝ լիարժեք տիրապետում է քրեական գործի նյութերին։ Միևնույն ժամանակ փաստաբանը մտահոգություն հայտնեց՝ արդյոք քննության պատասխանատուներին հնարավորություն կտրվի մինչև վերջ ուսումնասիրելու առաջ քաշված վարկածներն ու պարզելու գործի բոլոր հանգամանքները։ Սարգսյանի համոզմամբ՝ գործի ամբողջական բացահայտման համար անհրաժեշտ է նաև քաղաքական կամք։
«Այս տարիների ընթացքում, շատերի հետ եմ շփվել գործի հետ կապված, ու առաջին անգամ եմ հանդիպել քննչական խմբի պետի, ով 100 տոկոսով տիրապետում է քրեական գործին։ Մինչև այդ զգացել եմ, որ մակերեսորեն են ծանոթ գործին», - նշեց փաստաբանը։
Սարգսյանի խոսքով՝ տարիներ առաջ քննության ընթացքում տարբեր վարկածներ են քննարկվել։ Մասնավորապես, որոշ քննիչներ ուսումնասիրել են Ռուսաստանի հնարավոր դերակատարության վարկածը, իսկ գործի անջատված մասով քննիչ Մարսել Մաթևոսյանը խորացել է Թուրքիայի գործոնի ուսումնասիրության մեջ։
Փաստաբանը, սակայն, նշեց, որ այս պահին տեղեկություններ չունի, թե վերջին շրջանում ինչ կոնկրետ քննչական գործողություններ են իրականացվել, և ինչ արդյունքներ են արձանագրվել։
Անդրադառնալով հարցին, թե ինչու այսքան տարի անց էլ գործը վերջնականապես բացահայտված չէ, Սարգսյանն ընդգծեց, որ առաջ քաշված վարկածները պետք է ստուգվեն համապատասխան քննչական գործողություններով։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է նաև, թե արդյոք քննության պատասխանատուներին հնարավորություն կտրվի մինչև վերջ ուսումնասիրելու բոլոր վարկածները։
«Ես չգիտեմ՝ թույլ կտա՞ն արդյոք մինչև վերջ իրականացնել վարկածների ուսումնասիրություններ, թե՞ ոչ։ Դա արդեն քաղաքական կամքի հարց է», - ասաց նա։
Փաստաբանի համոզմամբ՝ Հոկտեմբերի 27-ի գործով առաջնային տուժողը պետությունն է, քանի որ ոճրագործության թիրախում պետական մարմնի ներկայացուցիչներն էին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի, սակայն դրա ամբողջական բացահայտման և կազմակերպիչների պատասխանատվության հարցը շարունակում է մնալ հանրային ու քաղաքական ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։