Բացել լրահոսը Փակել լրահոսը
73130716_417326622293125_6690898773255651328_n
A A
Քաղաքականություն

Բոլորը նկատում են, որ տարիուկես է սահմանին հանդարտ վիճակ է․ Մանվել Սարգսյան (տեսանյութ)

«Այն մեղադրանքները, որոնք այս մի տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին  ներկայացնում էին,  նա  փորձեց պարզություններ մտցնել։  Գուցե չարժեր դրանց մասին խոսել, գուցե արժեր»,-Ա1+-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  ուղիղ եթերում հնչեցրած դիտարկումներին։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա, վերլուծաբան ընդգծեց․

«Բոլորը նկատում են, որ տարիուկես սահմանին առավել հանդարտ վիճակ է, նախորդ տարիներին ամեն շաբաթ մենք սպասում էինք, որ սահմանին զիվորի սպանություն կլինի։ Իհարկե, փոխվել է այդ հանգամանքը։ Շատերը փորձում են հասկանալ՝ ինչն է փոխվել, որ Ադրբեջանը հիմա ավելի զգուշավոր է, ինտենսիվ խախտումների չի գնում։ Ես չեմ կարծում, որ դա զուտ ինչ-որ պայմանավորվածությունների խնդիր է, որովհետև որևէ բան Ադրբեջանին հետ չէր պահի, այն պրակտիկայից, որը նա տարիներ շարունակ օգտագործում էր՝ կոչելով ռազմական դիվանագիտություն»։

Քաղաքագետը կարծում է՝ իրավիճակն է փոխվել, քանի որ այդ մոտեցումը բարդացնում էր Ադրբեջանի վիճակը ոչ միայն դիվանագիտական պրոցեսում, այլ նաև ընդհանրապես քաղաքական կյանքում․

 «2016 թվականից հետո մեծ փոփոխություններ եղան, վերաբերմունք փոխվեց դեպի կոնֆլիկտային վիճակ։ Էլ չեմ ասում, որ մեծ և ինտենսիվ փոփոխություններ են կատարվում մեր տարածաշրջանում, որտեղ արդեն անպատասխանատու պահվածքը մի քիչ վտանգավոր է դարձել։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է զերծ մնալ ավելորդ աղմուկից, որովհետև ավելի ու ավելի շատ է խոսվում, հատկապես ԱՄՆ-ի կողմից, որ շփման գոտում պետք է տեղադրվեն մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի կլինի վերահսկել իրավիճակը»։

Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, Մանվել Սարգսյանն ասում է՝ այստեղ շատ մեծ անորոշություն է տեսնում․

«Եթե շփման գծում մենք պրոգրեսը տեսնում ենք միանշանակ, ուրիշ հարցերում բավականին դժվար է տեսնել»։

Անդրադառնալով  Փաշինյանի հայտարարություններին, թե պիտի ընդունելի որոշում լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Սարգսյանն ասաց, որ սա բավականին հաջող դիվանագիտական թեզ է․

«Փաշինյանը, մտնելով բանակցային պրոցես, մի պարզ բանաձև դրեց, որը բարդ վիճակում դրեց Արդրբեջանին։ Ադրբեջանի նախագահը ի վիճակի չէ այդ նույն բանը կրկնել, ի վիճակի չէ բացատրել միջազգային հանրությանը, հատկապես՝ Մինսկի խմբի համանախագահներին՝ ինչու չի դա անում, էլ ի՞նչ բանակցություններ, եթե ի վիճակի չես այդ տարրական բանը ընդունել»։

Սարգսյանի խոսքերով՝ տասնամյակներ շարունակ բանակցությունների նպատակը միայն այն էր, որ գնան հանդիպեն ու գան ասեն, որ մեր ու միջազգային հանրության տեսակետները նույնն են։ Նրա դիտարկմամբ՝ որևէ մեկը խնդիր լուծելու ո՛չ կարողություն ուներ, ո՛չ նպատակ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի իշխանությունների տեսակետների նույնական  լինելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, Սարգսյանն ասաց․

«Բնական է՝ Հայաստանում իշխանափոխություն է եղել, Արցախում մնացել է Հայաստանի նախկին իշխանության կեսը, պետի տարբեր տեսակետներ լինեին զրույցներ լինեին, հաճախ աղմկոտ, հաճախ տարբեր տեղերից շահարկումների ենթարկվող, իրականության մեջ որևէ բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կա»։

Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի հարցում Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների միջև մոտեցումների որևէ տարբերություն չկա։