Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծեծ
A A
Հասարակություն

Սպայի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ծեծի գործով քննչական գործողությունները մտահոգում են իրավապաշտպանին

Եղեգնաձորում շենքի բակում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է կոմայի մեջ մնալ, վիճակը շատ ծանր է։ Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի սահման» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, ով   այսօր այցելել է «Մուրացան» զինվորական հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժնում է գտնվում Ա․ Մխիթարյանը։

Անդրադառնալով ծեծի կապակցությամբ հարուցված քրեական գործին՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ քննչական գործողությունները շատ դանդաղ են ընթանում։

«Եթե սա շարքային մի գործ լիներ, ում անունները որ հրապարակվում են որպես դեպքի ականատես կամ մասնակից, կամ կձերբակալեին կամ կալանավորած կլինեին։ Բայց դեպքին ներկա, վկա զինծառայողները կոնկրետ մատնացույց են անում 4 հոգու, որոնցից ընդամենը երկուսն են կալանավորված։ Բա մնացածի մասով ի՞նչ է արվում, որևէ տեղեկություն չկա»,- շարունակեց նա։

Այս պահի դրությամբ, ըստ Գ․ Հովհաննիսյանի, պաշտոնապես հերքվում է, որ վիճակը այսպիսին է կամ այլ, պաշտոնապես որևէ բան չկա։

«Ես լավ եմ հասկանում, որ էդ մարդը (Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը) հենց Գյումրիից քայլելու ընթացքում եղել է ներկայիս վարչապետի կողքին, քայլողներից մեկն է եղել։ Այսինքն՝ եթե իր մեղքը հիմնավորվում է, հասկանալի է, չէ՞՝ ի՞նչ գնահատականների տեղիք կտա»,- նկատեց նա։

Ըստ իրավապաշտպանի՝ քննչական գործողություններում հատկապես օպերատիվ բլոկն է պասիվ աշխատում, որի գործողությունները տրված հրամաններով են պայմանավորված։ Հարցին, թե ովքե՞ր են օպերատիվ բլոկում գործում, նա պատասխանեց՝ քրեական հետախուզության աշխատակիցները։

«Ներկայիս տեխնիկական միջոցներով հնարավոր է պարզել, թե այդ միջադեպի պահին այդ տարածքում ի՞նչ հետախոսահամարներ են ակտիվ վիճակում եղել։ Այդ ամենը հնարավոր է պարզել, տեխնիկական միջոցներն առկա են»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Արա Մխիթարյանի առողջական վիճակի ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ կազմակերպության ղեկավարն ասաց, որ ընդհանուր դժգոհություններ կան նաև ձեռնարկվող բժշկական միջոցառումների մասով։ 

«Մենք առաջարկեցինք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կա լուրջ զարգացած գիտահետազոտական կենտրոն՝ «Բուրդենկո» (ռուս․՝ Бурденко - Национальный медицинский исследовательский центр нейрохирургии имени академика Николая Ниловича Бурденко – Ակադեմիկոս Նիկոլայ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային բժշկական հետազոտման կենտրոն)։ Արդյոք այնտեղի մասնագետներից ներգրավվե՞լ է որևէ մեկը, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ո՞ւմ։ Եթե ներգրավվել է, ապա ի՞նչ հետազոտություն են անցկացրել և ի՞նչ ախտորոշում են տվել։ Այս երեք հարցը մենք այսօր մենք (ես էի, ծնողները, ազգակաները, եղբայրներն էին կանգնած) փոխանցեցինք Պաշտպանության նախարարության լրատվականի ներկայացուցչին՝ Արշիկ անունով, որն այսօր առավոտյան եկել էր հոսպիտալ»,- շարունակեց իրավապաշտպանը։ 

Ըստ Գ․ Հովհաննիսյանի՝ ՊՆ աշխատակիցը խոստացել է բարձրաձայնել այս առաջարկը, իսկ հետագայում տեղեկացնել Արա Մխիթարյանի հարազատներին։ Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ ներկայացուցիչը տեղյակ չէր այդ նյարդավիրաբուժական կենտրոնից։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր եղել։ 

Միջադեպի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: 

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում։

Միջադեպի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին կալանավորվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել և  հոկտմբերի 4-ին կալանավորվել էր մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջադեպին որպես մասնակից շրջանառվում է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, սակայն վերջինս հերքում է իր մասնակցությունը։