Նաիրի Հունանյանը երբեք ոչինչ չի ասելու, որովհետև նա ոչ ադեկվատ է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին բավարարել է Քրեակատարողական վարչության և Պրոբացիայի ծառայության բացասական եզրակացությունները Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի վերաբերյալ։
Ծառայությունների որոշումները, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ազնիվ և արժանապատիվ են։
«Միգուցե ինքը փորձի բողոքարկել որոշումը դատարանում` օգտվելով իր իրավունքից, բայց վստահ եմ, որ ՀՀ-ում չի լինի դատարան, որ Նաիրի Հունանյանի դիմումը բավարարի, դա Հայաստանի պետականությանը կլինի ապտակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում վերհիշեց՝ երբ որպես լրագրող լուսաբանում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը, Նաիրի Հունանյանը ցուցմունքները պարբերաբար փոխում էր։
«Նաիրի Հունանյանը ժամը մեկ ցուցմունք էր փոխում, ստում էր, տալիս էր մարդկանց անուններ, հետո հերքում էր, ասելով՝ ուժի և բռնության ազդեցության տակ եմ այդ անունները տվել։ Ինձ համար հիմա հասկանալի չէ որոշ շրջանակների ոգևորությունը, որ ստահակը, եթե խոսի, կարող է ճշմարտություն ասել։ Նաիրի Հունանյանը երբեք ոչինչ չի ասելու, որովհետև նա ոչ ադեկվատ, ստոր կենդանի է»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ չի ցանկանում և երբևէ չի էլ ցանկանա այցելել «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է, որ խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնի որևէ գործընթաց։
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և այլ ընդդիմադիր պատգամավորներ քննարկում են Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը, քանի որ նա ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, միևնույն ժամանակ աշխատավարձ է ստանում և ծառայողական մեքենայից օգտվում։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վահե Գրիգորյանի վերաբերյալ որևէ նախաձեռնություն խմբակցությունում չի քննարկվել։ Նա նաև ասաց, որ չեն էլ քննարկելու, որովհետև «ՍԴ-ի թնջուկը պետք է լուծվի իրավական ճանապարհով»։
«Մենք չենք ուզում քաղաքական միջամտություն, դա նշանակում է, որ մենք չենք պատրաստվում որևէ կերպ միջամտել ՍԴ-ի թնջուկի լուծմանը»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։