Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Տնտեսություն

Հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չէ, պահպանողական է. Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չէ, այլ պահպանողական է։ Այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում քննարկվող 2020թ. Պետական բյուջեի քննարկման ժամանակ։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորին չի գոհացնում նաև ներդրումների քանակը։

«Այս պահին 17, 5-ից 18 տոկոս է գնահատվում կապիտալ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը։ Ցուցանիշը, որը դրված է բացատրագրում, ընդամենը 0.6 տոկոսով աճ է ենթադրում՝ 23,3-ից 23,9-ը։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան ցածր, չե՞նք սպասում, որ ներդրումներ են գալու»,- հետաքրքրվեց պարոն Մելքումյանը և հավելեց, որ երբ նայում է պաշտոնական թվերին, հասկանում է, որ ներդրումների ծավալները շատ-շատ հեռու են ցանկալի թվերից։

Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամվորի՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Երբ ասում եք, որ սա հեղափոխական չէ, պետք է հասկանալ, թե որը կլիներ Ձեր պատկերացմամբ հեղափոխական և ինչո՞ւ է պահպանողական։ Արդյոք հեղափոխանական ասելով՝ պատկերացնում ենք, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսանկյունից և հետևաբար նաև հարցականի տակ դնի այն հիմնարար նպատակները, որոնք դրված են այս փոփոխությունների առա՞ջ, թե՞ ոչ։ Եթե դա չի, ապա այս դեպքում դժվար կլիներ ակնկալել, որ մենք այստեղ պետք է խոսենք երկնիշ կամ եռանիշ թվերի մասին, որ ասենք, որ մենք գործ ունեք հեղափոխական կանխատեսումների հետ»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որպետք է ունենալ կայուն միջավայր։

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև ներդրումների՝ բավարար չլինելուն։

«Պետք է ասել, որ Ձեր դատողությունների շարքը հասկանալի է և տրամաբանական, ասում եք, որ թիվը չի կարևոր, մենք էլ ենք նույն բանն ասում, որ այո, թիվը չի կարևոր։ Դուք, որ այդ ցուցանիշները բերեցիք, ենթադրում եմ, որ մանրամասնել եք և գիտեք, որ նախորդ բարձր ցուցանիշներում ինչի մասին է խոսքը։ Եթե խոսքն այն ներդրումների մասին է, որոնք ըստ էության, ներդրումներ են ակտիվներում, ենթադրվում է, որ դա չի կարող մշտապես նույն մակարդակի վրա պահել, բայց դա նաև տնտեսական հաջորդ ցիկլում պետք է սկսի իրացվել»,- պարզաբանեց Ֆինանսների նախարարը և հավելեց, որ յուրաքանչյուր տնտեսվարող նոր տնտեսական միջավայրին հարմարվելու խնդիր ունի։