Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նաիրի Հունանյանն ուզում է օգտվել այսօրվա իրավիճակից․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

 Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մինչ օրս չունի այն հարցերի պատասխանները, թե ովքե՞ր են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները։ Այս մասին Ազգային ժողովի այգում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը։

Էդմոն Մարուքյանը վստահ է, որ իշխանությունը կաշկանդվածություն չունի հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված։ Նրա խոսքով, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, ապա իշխանությունը դրա բացահայտման ուղղությամբ կգնա։

Պարոն Մարուքյանն ընդգծում է՝ այս հարցում պետք է զգուշավոր լինել և հասարակությանը, այդ թվում զոհերի հարազատներին սին հույսեր չտալ։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը, Էդմոն Մարուքյանն ասաց․ «Վստահ եմ, որ նա գիտի, որ չի կարող քայլել փողոցներով, դուրս գալ մարդամեջ, բայց նաև վստահ եմ, որ գիտի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը ապագա չունի։ Ինքը ավտոմատ այդ դիմումը գրել է, որովհետև 20 տարին լրացել է»,- նշեց պարոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հույս չի կապում Նաիրի Հունանյանի հետ, նշելով՝ եթե նույնիսկ ինչ-որ նորություն ասի, դրանք արժանահավատ չի համարվի։ «Ուզում է օգտվել այսօրվա իրավիճակից և ի շահ իրեն ծառայեցնել։ Եվ այդ դահիճը նորից դառնա հանրային քննարկման առարկա, որովհետև այդ ձևի մարդիկ ուզում են ուշադրության առարկա լինել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։