Բացել լրահոսը Փակել լրահոսը
VHM_6475
A A
Քաղաքականություն

Տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր. Արման Բաբաջանյանը՝ ԱԳ նախարարի հարցազրույցի մասին

«Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդմանը։

- ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդմանը տված հարցազրույցը միարժեք չընդունվեց Հայաստանում: Հատկապես քննադատության արժանացավ հարցազրույցը վարող Սթիվեն Սակուրի` «Արցախը հայկական տարածք չէ» պնդմանն ուղղված ՀՀ արտգործնախարարի պատասխանը: Ձեր կարծիքով Զ.Մնացականյանի` որպես ՀՀ արտգործնախարարի պատասխանը համարժեք չէ՞ր լրագրողի այդ պնդմանը, թո՞ւյլ էր, և ի՞նչ պետք է նա ասեր, որ ավելի ուժեղ ու համարժեք լիներ:

-  Կարծում եմ, Զոհրաբ Մնացականյանի պատասխանը ինչպես այդ, այնպես էլ մնացած հարցերին մեղմ ասած համարժեք չէր և հեռու էր ղարաբաղյան հարցում հայակական կողմի դիրքորոշումից:  Զոհրաբ Մնացականյանը անգամ կարճ ժամանակում կարող էր գոնե հակիրճ ներկայացնել Արցախի՝ հայկական լինելու իրավաքաղաքական, պատմական հիմքերը, Արցախն Ադրբեջանին բռնակցելու ընթացքն ու հակամարտությունը ծնած պատճառները: Տպավարություն էր, որ Զոհրաբ Մնացականյանը չի ցանկանում կամ չի կարողանում դուրս գալ այն տրամաբանությունից, որը հարցազրույցի ընթացքում պարտադրում էր հաղորդավարը: Պատասխանը, այո, թույլ էր, ոչ համարժեք և ըստ էության` հակահայկական: Ասածս բնականաբար, չի նշանակում, թե Մնացականյանը միտումնավոր էր այդպես վարվում, պարզապես նրա մասնագիտական, քաղաքական ունակությունները չբավանակացրեցին՝ հաղորդավարի կողմից ակնհայտորեն որդեգրված հակահայկականության գիծը կոտրելու, բեկելու համար:  Այդ հարցազրույցի ընթացքում մենք Մնացականյանից որևէ բառ չլսեցինք ազգերի ինքնորոշման սկզբունքի, Արցախում ապրող մարդկանց իրավունքների ու ազատությունների մասին: Եվ վերջին հաշվով մենք չլսեցինք հստակ հակադարձում հաղորդավարի այն պնդմանը թե «Արցախը հայկական տարածք չէ»: Հայաստանի արտգործնախարարը չկարողացավ հակառակն ապացուցել, ինչը ուղղակի ամոթ և խայտառակություն է մեր դիվանագիտության համար: Հանուն արդարության՝ պետք է նշեցեմ, որ այդքան քննադատության արժանացած նախկին արտգործնախարարները՝ Վարդան Օսկանյանն ու Էդուրադ Նալբանդյանը, երբեք համանման խայտառակ իրավիճակում չեն հայտնվել:

- Ս.Սակուրն ասում է, թե Amnesty International-ի նման անկախ խմբերը խոսել են «ձեր զինված ուժերի կողմից իրականացված խախտումների մասին»: Արդյոք այդ դաշտում չկայի՞ն Ադրբեջանի հետ համեմատություններ անցկացնելու հիմքեր, որ այդ երկիրն էլ խախտումներ է թույլ տվել, միգուցե ավելի շատ:

- Այդ դաշտում կային ոչ միայն ուղղակի խախտումների մասին Ադրբեջանի իրականացրած քայլերի մասին հիմքեր, այլ ընհանրապես ի պատասխան այդ հարցի՝ պետք էր խոսել Արցախի տարածքում 1990-ակականներին Ադրբեջանի իրականացրած ընհուպ ցեղասպանական գործողությունների մասին, պետք էր հիշեցնել Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, Մարաղայի ու Խոջալուի ցեղասապանությունները: Մինդեռ Զոհրաբ Մնացականյանը բավարարվեց ընդամենը շատ թույլ, մակերեսային անհամաձայնությամբ, որից անգամ արդարացման տպավորություն էր ստեղծվում:

- Ս.Սակուրը տվյալ է բերում, թե հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կառավարությունը մեղադրել է Հայաստանի զինված ուժերին 20 անգամ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Մենք ամեն օր կամ ամեն շաբաթ տվյալներ ենք ներկայացնում, որ Ադրբեջանը քանի անգամ է խախտել հրադադարը, և դրանք շատ ավելի մեծ թվեր են: Ի դեպ, հայկական կողմը հաճախ ներկայացնում է, թե կրակոցներով պատասխանում է Ադրբեջանի կրակոցներին: Դիվերսիոն հարձակումներ են լինում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանին: Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից մարդ է սպանվում կամ վիրավորվում: Արդյոք չարժե՞ր նման տվյալներ ներկայացնել և ցույց տալ, որ իսկապես, Հայաստանն է խաղաղության ջատագովը, որ հայկական երկրներն են հարձակման ենթարկվում:

- Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական ու շարունակական խախտումների մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ համանախագահները, միջազգային հանրությունը, որը հասկանալի պատճառներով ընդամենը չի բարձրաձայնում այդ մասին: Զոհրաբ Մնացականյանը ոչ միայն պետք է հիշատակեր այդ փաստերը, այլ նաև պետք է ներկայացներ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի և միջնորդների ջանքերով ամրագրվեց հրադադարի խախտման միջադեպերը հետաքննող սարքավորումների տեղադրման պարտավորություն, որին հայկական կողմն ամբողջությամբ պատրաստ է, սակայն Ադրբեջանը արդեն ավելի քան երեք տարի հրաժարվում է այդ պարտավորությունից: Մինդեռ Զոհրաբ Մնացականյանի շուրթերից մենք չլսեցինք որևէ խոսք մեզ համար այդքան կարևոր ու Սակուրի տված հարցին հակադարձող Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Եվ այո, Մնացականյանը պետք է խոսեր ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից արձանագրվող կրակոցների, այլ նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծման, հատկապես Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կիրառվող դիվերսիոն գործողությունների մասին, որոնց արդյունքում մենք պարբերաբար ունենում ենք զոհեր և վիրավորներ ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

- Իհարկե, հաղորդավարը բավականին պրովոկացիոն հարցեր էր տալիս, բայց պատասխանողն արտգործնախարար էր: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այդ պատասխանները: Զ.Մնացականյանը դիվանագիտորե՞ն է պատասխանել, թե՞ նրա պատասխանները թույլ էին, նա չի կարողացել ներկայացնել կամ պաշտպանել մեր երկրի շահերը:

- Այո, հաղորդավարի հարցերը պրովոկացիոն էին, բայց դա որևէ կերպ չի արդարացնում Զոհրաբ Մնացականյանի թույլ, անդեմ ու պաշտպանվող վարքագիծը հաղորդման ընթացքում ընդհանրապես տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր, որը պետք է ունենա հետևանքներ: Խնդիրն այն է, որ միջազգային լրատվամիջոցներում պետության բարձրաստիճան պաշտոնյաների նման ձևաչափի հարցազրույցները անցնում են կամ պետք է անցնեն նախապատրաստական փուլ, որպես կանոն համաձայնեցվում են հարցերը կամ առնվազն հարցերի շրջանակը, հարցազրույցի ընդհանուր տրամաբանությունը: Ակնհայտ է, որ կոնկրետ այս հարցազրույցին նման աշխատանք չի նախորդել, այլապես Զոհրաբ Մնացականյանը գոնե պատրաստված կլիներ: Իսկ դա նշանակում է, որ չի կատարվել համապատասխան դիվանագիտական աշխատանք, ինչը Զոհրաբ Մնացականյանի ուղղակի բացթողումն է, խայտառակ բացթողումը: Ի դեպ, մենք արդեն մի քանի ամիս է՝ դեսպան չունենք Մեծ Բրիտանիայում, և կարծում եմ՝ նաև դա է որոշակիորեն պատճառ դարձել բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցում նման խայտառակ հարցազրույցի անցկացման համար:

- Արդյոք համարժե՞ք էին Զ.Մնացականյանի պատասխանները հետևյալ հարցերի վերաբերյալ` «համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու», «Արտաքին վեկտորի` ԵՏՄ-ին անդամակցելու և ԵՄ-ի հետ ունեցած հարաբերության մակարդակի» «Իրանի հետ համագործակցելու» մասին:

- Նշված հարցերի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանի պատասխանները չափազանց մակերեսային են, ինչը դրանք դարձնում էր խոցելի: Համակարգային կոռուպցիայի վերացման առումով արտգործնախարարը խոսում էր միայն հանձնառության մասին՝ չներկայացնելով փաստացի այն վիճակը, որ այո, այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա իսկապես չկա: Շատ ավելի թույլ էին արտաքին քաղաքական կողմնորոշման մասին Զոհրաբ Մնացականյանի պատասխանները, նա ընդամենը ներկայացնում էր այն կաղապարված մոտեցումները, կլիշեները, որոնք դրված են մեր արտաքին քաղաքականության հիմքում: Իմ կարծիքով, սակայն, Զոհրաբ Մնացականյանը պետք է խոսեր ոչ միայն ու գուցե ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքակրթական, արժեքային կողմնորոշման մասին, որը որդեգրել է Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո: Նա պետք է ասեր, որ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման հիման վրա, որը եթե ոչ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակի կերպով մեզ դարձնում է քաղաքակիրթ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ: Սակայն մենք Զոհրաբ Մնացականյանից այդպիսի հայտարարություններ չլսեցինք, նա խոսում էր այնպիսի ստանդարտ ձևակերպումներով, որպիսիք ներկայացնում է, ասենք, ԱԳՆ խոսնակը պարբերական ճեպազրույցների ժամանակ: Մինդեռ Մնացականյանը գտնվում էր աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի տաղավարում և պետք է այդ առիթն ու հնարավորությունն օգտագործեր Հայաստանը, Նոր Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար: Դա ցավոք, տեղի չունեցավ, և այդ հարցազրույցի միակ դրական կողմը Զոհրաբ Մնացականյանի վարժ անգլերենն էր:

- Կիսո՞ւմ եք այն կարծիքները, թե նման հարցազրույցից հետո Զ.Մնացականյանը պետք է հրաժարական տա:

- Այո, կիսում եմ կարծիքները, որ հարցազրույցից անմիջապես հետո Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա: Եթե անգամ նա անձնապես հրաժարական չտա, վարչապետը պետք է նրան պաշտոնական անի: Խնդիրն այն է, որ այդ հարցազրույցում ոչ միայն ուղղակի պրովոկացիոն հարցեր էին հղվում, այլ ուղղակիորեն ծաղրի, հեգնանքի էր ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ընտրված իշխանությունը: Իսկ դա, ինչպես վերը նշեցի, համապատասխան դիվանագիտական աշխատանքի բացակայության հետևանքն էր: Այդ հարցազրույցի հետ կապված վստահ եմ, որևէ նախապատարաստական աշխատանք չէր կատարվել, ինչի արդյունքում Հայաստանը ծաղրի ենթարկվեց ամբողջ աշխարհի առաջ: Կարծում եմ, Զոհրաբ Մնացականյանի անձնական և մասնագիտական որակները պետք է ստիպեին նրան Լոնդոնից Հայաստան վերադառնալ ազատման դիմումով: