Բացել լրահոսը Փակել լրահոսը
74579357_807361606362946_7716316331070455808_n
A A
Հասարակություն

Հունանյան եղբայրներից միայն Նաիրին է դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար․ մանրամասներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված, «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին վաղաժամկետ ազատ արձակման համար է դիմել։ 

«20 տարին լրանալուց հետո դատապարտյալը կարող է դիմում ներկայացնել հիմնարկի վարչակազմին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Դիմումի հիման վրա կազմվում են զեկույցներ և 80 օրյա ժամկետում քննարկվում է դիմումը և պատասխան է տրվում»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ ՔԿՀ հանրային կապերի բաժնից։

Դիմումին եզրակացություն են տալու թե՛ պրոբացիոն ծառայությունից, թե՛ քրեակատարողական հիմնարկից։ Հարցին, թե արդյոք առավել վտանգավոր պետական հանցագործության համար խնդրագիրը ենթակա չէ՞ մերժման, պատասխանեցին, որ պայմանական վաղաժամ ազատ արձակման քննարկման ժամանակ ամբողջը հաշվի է առնվում։ 

«Ա1+»-ը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Նաիրի Հունանյանի եղբայր Կարեն Հունանյանը դիմե՞լ է վաղաժամկետ ազատ արձակման համար, պատասխանեցին․ «Միայն Նաիրի Հունանյանն է դիմել, Կարենը չի դիմել»։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Դատավոր Սամվել Ուզունյանի հրապարակած դատավճռի համաձայն՝ ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը, Աշոտ Կնյազյանը դատապարտվել էին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք դատապարտվել էին պետական իշխանությունը յուրացնելու, ահաբեկչության, պետական, քաղաքական, հասարակական գործչին սպանելու` նրա գործունեությունը դադարեցնելու, սպանության փորձ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու եւ փոխադրելու համար:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ներխուժել էին Ազգային ժողով ու սպանել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ  Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին։

Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 20 տարի։