Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչությունից անցել է 10 տարի (տեսանյութ)

Քաղաքականություն

Նրանք, ովքեր 10 տարի առաջ այս օրը գնացել էին Ազգային ժողով, չէին կարող անգամ երեւակայել, որ օրն այդպիսի տխուր  վերջաբան կունենա:

Իսկ նրանք, ովքեր կազմակերպեցին եւ իրագործեցին  «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, իրենց հիվանդ երեւակայության մեջ բազմիցս տեսել էին այդ տխուր վերջաբանը:

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

Այդ օրը, ժամը 17:13-ին,  ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ' ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Սպանվեցին 8 հոգի' ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:

Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:

Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն' հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին' ստանալով անվտանգության երաշխիքներ:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Այդ ընթացքում Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ավելի ուշ' դրա 6-րդ արձանագրությունն' իսպառ վերացնելով մահապատիժը:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: