Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132746
A A
Հասարակություն

«Փոքրիկ Հայաստանը մեծ դուռ է բացում աշխարհի առաջ» (տեսանյութ)

Եղած ֆորումներից «Ավրորան» թերևս ամենաօրիգինալն է, լավատեսականն ու բազմազանը, ասում է ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Փոքրիկ Հայաստանը մեծ դուռ է բացում աշխարհի առաջ, որպեսզի ինքն ավելի ամուր ու ակտիվ դառնա աշխարհի մաս, ու աշխարհն ավելի շատ ներկայացված լինի Հայաստանում ու հայերին»,- ասաց պարոն Աֆեյանը և հավելեց, որ «Ավրորա» ֆորումի նպատակն է Դավոսի, Նյու Յորքի, Լոնդոնի և զարգացած մյուսների նման Հայաստանը դարձնել միջազգային այն հարթակներից, որտեղ քննարկում են կարևոր թեմաները։

Ֆորումի շրջանակում այսօր կայացավ  «Ավրորա 2018» դափնեկիր Չո Լա Աունին նվիրված նամականիշի մարում։

«Ավրորա 2017»-ի դափնեկիր Թոմ Քաթինան անձնապես շնորհակալություն հայտնեց «Հայ փոստին»՝ այս գեղեցիկ  նախաձեռնությունը իրողություն դարձնելու համար։

«Որպես նախկինում նամականիշների կոլեկցիոներ՝ կարող եմ ասել, որ նամականիշների մարումը կարևոր և նշանակալի նախաձեռնություն է, քանի որ այս նամականիշը տարածվելու է աշխարհում և ծառայելու իրազեկության բարձրացմանը», - նշեց նա և հումորով հավելեց․ «Անցյալ տարի էլ ես էի նամականիշի վրա, և իմ ընկերները կատակում էին, ասելով․ «Տեսնես ինչու՞ են Գանդիի նկարը օգտագործել»։

Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում։ Արժեքը՝ 350 հայկական դրամ պայմանական արժեք։

Հյուրերը ներկա գտնվեցին նաև «Կամար» բիզնես կենտրոնի մուտքի մոտ բացված «Սա իմ պատմությունն է․ Ավրորա Մարդիգանյանը և կանանց պատմությունները, որ ոգեշնչում և զորացնում են աշխարհը» խորագրով ցուցահանդեսին։