Սկսելու ենք էլեկտրոնային արդարադատության հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակումը․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը մասնակցում էր Մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանմանն ուղղված թեմայով գագաթնաժողովին։
Իր ելույթում փոխնախարարը հարցադրում արեց Բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավունքի գերակայության և նորարարության միջև հավասարակշռության վերաբերյալ։
«Եվ այս փնտրտուքի մեջ կարծես մոռանում ենք՝ «Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ ինովացիան և ինչպե՞ս պետք է խթանել բոլոր այն տաղանդավոր անձանց, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այդ ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ»»,- շարունակեց արդարադատության նախարարի տեղակալը։
Վարդապետյանն ասաց, որ 2 օր առաջ կառավարության կողմից հավանության արժանացած դատաիրավական ռեֆորմների ռազմավարության առաջին գլուխը նվիրված է էլեկտրոնային արդարադատության ձևավորմանը։ Ըստ փոխնախարարի՝ կառավարությունը նորարար տեխնոլոգիաների զարգացումը որպես առաջնահերթություն է գնահատում։
Դատաիրավական ոլորտում ինովացիաները, նշեց նա, դատարանների բեռնաթափման և դատարան դիմելու մատչելիության համար լավագույն լուծում են կարող լինել։
«Ուստի այս նախաձեռնությունը նորարար տեխնոլոգիաների ոլորտում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար առավել քան կարևոր է և առավել քան ժամանակին է։ Շուտով սկսելու ենք էլեկտրոնային արդարադատության հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նպատակ ունենք հնարավորինս շատ տաղանդավոր ընկերությունների հնարավորություն տալ մասնակցելու այս մրցակցությանը»,- ընդգծեց նա։