Բացել լրահոսը Փակել լրահոսը
amulsar miayn sar
A A
Հասարակություն

Նամակ՝ Բրիտանիայի դեսպանատանը․ ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր Ամուլսարի շահագործման դեմ բովանդակությամբ նամակներ են հանձնել Կառավարություն՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Մեծ Բրիտանիայի դեսպանություն՝ ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությանը։

Նրանք դժգոհում են, որ ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանատան աշխատակիցները, ներառյալ ներկա եւ նախկին դեսպանները, «Լիդիան ինթերնեյշնլ»-ի հետ պարբերաբար կապի մեջ են եղել Ամուլսարի հանքի հարցով, ինչպես իրենք են նշում, 2013-ից մինչև 2018 թվականը։

«Նամակը փոխանցել ենք՝ պահանջելով, որպեսզի կատարվեն դրանում գրված բոլոր պահանջները՝ կատարվի աուդիտ թաքնված փաստերի վերաբերյալ, քրեական գործեր հարուցվեն, և չեղյալ հայտարարվի այդ պայմանագիրը։ Այժմ ես ուզում եմ մեր բողոքի ձայնը ձեզ հասցնել բանավոր, հետո կհանձնենք գրավոր, հետո մի հատ էլ բանավոր, հետո երկու հատ էլ գրավոր ու այդպես անընդհատ մինչև հասնի տեղ»,- նշեց ակցիայի մասնակից Աշոտ Աշոտյանը։ Վերջինիս խոսքով՝ այս ակցիան թեև փոքրաթիվ է, բայց հավաքվել են գիտնականներ, մտավորականներ։

Հավաքվածներն առաջ են բերում իրենց դժգոհության պատճառ դարձած տարբեր հանգամանքներ, այդ թվում՝  առողջության հարցը։

«Այս տարիներին հանքերի շահագործումից Հայաստանում մոտավորապես 8 անգամ աճել է չարորակ ուռուցքների թիվը»,- ասաց ակտիվիստ Կարինե Այվազյանը։