Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կրեմլը ուզում էր Կարապետյանների միջոցով հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց Փաշինյանն ավելի ճկուն գտնվեց․ Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

«Քաղաքական այդ փոփոխությունների արդյունքը պետք է լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյան վարչապետով, այլև Կարեն Կարապետյան վարչապետով։ Եվ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ճարպկության և ժողովրդի աննախադեպ ակտիվության՝ բոլորի խաղաքարտերը խառնվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքերով՝ «Սասնա ծռերի» կողմից 2016թ․ ՊՊԾ գնդի գրավումից հետո Մոսկվայում հասկացան, որ Սերժ Սարգսյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետը։

Եվ այդ դեպքերից ընդամենը մեկ-երկու ամիս հետո Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Եվ դրանից հետո պարբերաբար պատվիրակություններ են եկել Երևան հորդորելու Սերժ Սարգսյանին, որ հրաժարվի վարչապետ դառնալու մտադրությունից։ Բայց այդ հորդորները, նրա խոսքով, տեղ չհասան, Մոսկվան որոշեց Սամվել և Կարեն Կարապետյանի միջոցով գործի անցնել ու ժողովրդի ճնշման միջոցով հասնել այդ նպատակին։

«Բայց ժողովրդական շարժման և Նիկոլ Փաշինյանի միջոցով հնարավոր եղավ ձերբազատվել նախկին իշխանություններից։ Կրեմլը չուզելով ստիպված համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ, բայց առաջին օրվանից նպատակ դրեց հեռացնել նրան։ Վլադիմիր Պուտինի վերջին այցից հետո էլ ունեն այդ նպատակը։ Ձգտում են ցածրացնել Փաշինյանի վարքագիծն ու ի վերջո հեռացնել նրան»,- հավելեց Ժիրայր Սեֆիլյանը։

Վերջինս գտնում է, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությունները պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում։

Հիշեցնենք, որ Վ․Բալասանյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասել էր, թե «Սասնա Ծռերի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին․

«Որ տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։

«Եվ որևէ մեկը չկարծի, թե Վիտալի Բալասանյանն Արցախի գետնի վրա հենք ունի, նա այնտեղ խեղկատակի դերում է և պարբերաբար այս կամ այն կլանի խոսնակի վերածված անձ է»,- հակադարձում է Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նաև ասում է, թե «քանի որ Կրեմլը կորցրել է Երևանը, այսօր մեծ էներգիա է ծախսում Արցախը Հայաստանից պոկելու համար»։ Իսկ իրենք ցանկանում են Արցախում վերկուսակցական թիմ ձևավորել, որը կմասնակցի ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։