Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ԼՂ հակամարտության մասին մանիպուլացնող հայտարարություններ անել․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ից 6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը Հայաստանի պատվիրակության համար սահուն չի անցել։ Ըստ պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ բանավեճ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև։

«Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները նորից փորձեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին աղավաղող և մանիպուլացնող հայտարարություններ անել»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության, Հայաստանի պատվիրակության ղեկավարը ելույթով է հանդես եկել։ Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ ամիսներ առաջ ընդունված ԵԱՀԿ ԽՎ տարեկան հռչակագրով ֆիքսվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկբզբունքերի հիման վրա, ինչին Ադրբեջանի պատվիրակությունը կողմ է քվեարկել։

«Ես դա արեցի` ցույց տալով, որ երբ որ դուք մերժում եք ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավունքների դրույթը, դուք հակասում եք ինքներդ ձեզ, քանի որ ամիսներ առաջ քվեարկել եք ընդհանուր հռչակագրին»,- ընդգծեց նա։

Բացի այս, ըստ Հայկ Կոնջորյանի՝ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները փորձել են աղավաղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անվանումը, նշելով, որ հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է։ Հայկ Կոնջորյանn իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանի ժողովորդավարության ցածր մակարդակին։

Նստաշրջանում քննարկվել են նաև ԵԱՀԿ տարածաշրջանում անհանդուրժողականության և խտրականության վերաբերյալ հարցեր, որոնք հիմնված են եղել կրոնի վրա։

«Մենք հանդես եկանք ելույթով, կարևորեցինք, որ Հայաստանի համար կրոնի, ազգության նկատմամբ անհանդուրժողականությունը եղել է մշտապես ուշադրության կենտրոնում և մենք մշտապես դատապարտել ենք նման գործընթացները»,- ընդգծեց նա։

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ավարտից հետո Հայկ Կոնջորյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելու հետ։ Քննարկվել է նրա՝ Հայաստան նախատեսվող այցը․ Գեորգի Ծերեթելին դեռ 2019 թ. ամռանը ցանկություն էր հայտնել գալ Հայաստան։ ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր ցանկությունը։

«Այժմ մենք կազմակերպչական որոշ դետալներ ենք քննարկում, և հույս ունեմ, որ առաջիկայում նա կայցելի Հայաստան, և մենք հնարավորություն կունենանք քննարկել մեր հարաբերությունները և համագործակցության առաջնահերթությունները»,- եզրափակեց նա։