Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կրպակներն ապամոնտաժվում են․ այլ տարածք, ըստ աշխատակիցների, դեռ չի առաջարկվել

Դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանների վրայի կրպակներն օրերս ապամոնտաժվել են։ Այս առթիվ ֆեյսբուքյան գրառում էր արել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ նշելով, որ կրպակները քաղաքաշինական առումով անթույլատրելի են  և վտանգում են մետրոյի տարհանման նորմերը։

Իրականացվող աշխատանքներին ծանոթանալու համար «Ա1+ը» շրջայց կատարեց տվյալ տարածքում։ Մետրոյի կայարանին կից գետնանցումից դեպի Կիևյան և Կասյան փողոցներ տանող աստիճանների վրա գտնվող կրպակների մի մասը փակ են, աշխատակիցների խոսքով՝ պատճառները տարբեր են, հիմականում՝  առևտրի պակասն ու բարձր հարկերը։

Ապամոնտաժվում են հիմնականում չշահագործվող կրպակները, իսկ առևտուր իրականացնող կրպակների աշխատակիցներին զգուշացվել է՝ տարածքը պետք է լքել, սակայն նրանց հավաստմամբ՝ դեռևս այլ տարածք չի առաջարկվել։

 «Ամսավճարը հավաքողներն ասացին՝ քանդվում են այն տարածքները, որոնք ծածկի տակ չեն և խանգարում են անցորդների ելք ու մուտքին։ Օրինակ՝ դեպի Կիևյան տանող ճանապարհը շատ նեղ է, մի մարդ որ իջնում է, մյուսը չի կարողանում բարձրանա, և քանի որ ծածկ չունի, անընդհատ ջուրը կրպակի վրայից թափվում է։ Առայժմ մերը չեն քանդում, բայց հետո չգիտեմ՝ ինչ կլինի»,- նշեց կրպակներից մեկի աշխատակցուհին։

Կրպակների աշխատակիցները ըմբռնումով են մոտենում խնդրին, ասում են՝ եթե այդպես են որոշել, ուրեմն ճիշտը դա է։ Միևնույն ժամանակ նշում են, որ սահմանված հարկերը բարձր են, իսկ պայմանները, մեղմ ասած, ոչ բավարար․

«Ես գտնում եմ, որ կրպակները պետք է լինեն պետական, ասենք՝ 50 հազար դրամ։ Տանես, բանկում մուծես, գաս, աշխատես։ Գումարն էլ բյուջե կգնա։ Այս տարածքը նայեք, սա արժի 90 հազար դրամ, սա աբսուրդ է, չհաշված կողմնակի ծախսերը․ միասին կազմում  է 100 հազարից ավել գումար, այսինքն՝ ես աշխատում եմ իրենց համար։ Եթե ես էդ օրը չվճարեմ, ինձ կհանեն դուրս»,- ասաց աշխատակիցներից մեկը։