Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բերված հիմնավորումները շատ թույլ են. Ծառուկյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քննարկում է եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծով, որն առնչվում է ՍԴ նախագահի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն, բերված հիմնավորումները շատ թույլ են:

«Մենք որոշեցինք, որ նախագծի քննարկմանը չենք մասնակցելու»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը հերքեց տեղեկությունը, թե այդ հարցի շուրջ օրերս հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ոչ, մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնականում ներդրումների հետ կապված: Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական հարցերով երբեք չենք հանդիպել»,- ընդգծեց նա:

Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Ըստ պարոն Ծառուկյանի՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, քննությունն իր արդյունքները ցույց կտա: Ձեզ ուղղված սլաքներ չկա՞յին. լրագրողի հարցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Ես ոչ մի բան չեմ տեսնում, ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, կա քննություն, կավարտվի և բոլորի համար պարզ կլինի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար: