Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Երկրի կայունությունը կախված է հենց փոքր և միջին ձեռներեցության կայացածության աստիճանից․ տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը նվազագույն աշխատավարձ կատեգորիան չի ընդունում։

Նրա խոսքով՝ իշխանություններն այն որպես գործիք սովորաբար օգտագործում են ստվերի դեմ պայքարում, որպեսզի տնտեսվարողներին պարտադրեն խաղի կանոններ, որն անընդունելի է։

«Հանրապետությունում, երբ որոշում է կայացվում նվազագույն աշխատավարձը դարձնել 90 հազար կամ ավելի բարձր, դրանից լավ բան չեմ սպասում։ Ասեմ ձեզ, որ տնտեսվարողների ազատության սահմանափակում է սա, ազատ տնտեսական գործունեություն վարելու սահմանափակում է սա»,- ասաց Խաչատրյանը։

Նա քաղաքական գնահատականներ հնչեցրեց նախորդ իշխանություններին։ Տնտեսագետի պնդմամբ՝ նախորդ իշխանությունների քաղաքական խնդիրն է եղել, որպեսզի փոքր և միջին ձեռնարկատիրությունը չզարգանա։

«Համաշխարհային բանկի 2018 թվականի մի զեկույցում գրված էր շատ պարզ, որ Հայաստանը եզակի օրինակ չէ, և աշխարհում կային շատ երկրներ՝ 60-ից ավել, որտեղ իշխանությունների հիմնական նպատակը եղել է, որ իրենց ժողովուրդը լինի աղքատ։ Որպեսզի կարողանան իրենց քաղաքական խնդիրները լուծել 5000 դրամներով»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Իշխանությունները, տնտեսագետի պնդմամբ, պետք է ոչ թե խանգարեն տնտեսվարողներին, այլ ազատություն տան։

«Ի վերջո քաղաքական առումով մի մեծ ճշմարտություն կա, որ երկրի կայունությունը կախված է հենց փոքր և միջին  ձեռներեցության կայացածության աստիճանից»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։