Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անափիոսյան
A A
Հասարակություն

Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները հավաքվել էին նախարարության շենքի առջև (տեսանյութ)

Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցներ այսօր հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև։ Նրանք դիմեցին նախարարություն, որպեսզի ներկայացուցիչներից որևէ մեկը հանդիպի իրենց։

Մինչ նրանց կհանդիպեր փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ԿԱԻ մանկավարժության գիտահետազոտական բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինստիտուտը պետական կառույց էր, որը լուրջ գործառույթներ էր իրականացնում։

«Առաջին հերթին մանկավարժներին, ուսուցիչներին խորհրդատվություն է տրամադրում, վերապատրաստում է, թե՛ տնօրենի, թե՛ փոխտնօրենի հարցում։ Այսօր այդ կառույցը ոչնչացված է, և այդ բոլոր հարցերով մարդիկ զանգում են նախարարություն․ այնինչ նախարարությունը նման գործառույթ չի իրականացնում»,- նշեց Վարսենիկ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունից որոշ ժամանակ առաջ տեղեկացրել են՝ կառույցը սեպտեմբերից կսկսի աշխատել, կլինի առավելագույնս թափանցիկ մրցույթ․

«Ամենալավերն են անցնելու, որովհետև պարոն Հարությունյանն (ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան – հեղ․) ասաց, որ այլևս կրթությամբ այլևս սոցիալական հարց չենք լուծելու, և եթե այդ հիմնադրամում աշխատելու են լավագույնները։ Միևնույն է՝ մենք իր հետ չենք համաձայնվում, որովհետև ես կոնկրետ Արայիկ Հարությունյանին ասացի, որ լավագույնը երևում է աշխատանքով»։

Աշխատակիցները հավաքվել էին շենքի առջև, որովհետև լուրեր էին ստացել, թե «կառույցը կբացվի հունվարին, կամ ավելի վատ լուրեր, որ այն չի բացվի»։  

«Լուծարման հանձնաժողովը դեռ պատրաստ չէ․ 6 հոգու համար կառույցը գործում է։ Կան մարդիկ, ովքեր աշխատում են՝ տնօրենը, տնտեսական գծով փոխտնօրենը, կադրերի բաժնի պետը, պահակը, մարդիկ ովքեր բան ունեն հանձնելու՝ նյութական մասով պատասխանատուները»,- հավելեց Հովսեփյանը։

Քիչ անց աշխատակիցներին հանդիպեց Արևիկ Անափիոսյանը։ Նա հավաքվածներին ասաց, որ նախարարությունն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ։

«Գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի հենքի վրա վերաձևակերպվում է, և ֆունկցիաների մի մասը, որ ԿԱԻ-ն անում էր, իրականացնելու է այն»,- ընդգծեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ինստիտուտի կողմից իրականացնում էին որոշ ֆունկցիաներ, որ իրականացնում է նաև Հանրակրթության վարչությունը, ուստի որոշ հաստիքներ կկրճատվեն նոր հիմնադրամում։ 

«Փոքր կազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։ Շատ մեծ էին ինստիտուտի հաստիքների ցանկը՝ շուրջ 340․ հաստիքները բավականին փոքր թիվ են կազմելու։ Որովհետև հիմնականում շատ գործառույթներ արտապատվիրվելու են տարբեր կազմակերպությունների, որոնք կրկին մրցույթով կընտրվեն»,- մանրամասնեց Անափիոսյանը։