Տնակում լավ էր, քան թե շենքում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք իրենց ապրուստը մեծ դժվարությամբ հոգում են պետությունից ստացած դրամական աջակցությամբ: Սակայն կան ընտանիքներ էլ, որոնք պետությունից ոչինչ չեն ստանում, եւ գտնվում են սոցիալական առավել ծանր պայմաններում: Նրանցից մեկը 68 - ամյա Վարդ Սաֆարյանն, արդեն յոթ ամիս էª բնակվում է Վարդ - Բաղ թաղամասի 7-րդ շենքի 9-րդ հարկում: Մինչ այդ, 18 տարի բնակվել է տնակում: Նա երանությամբ է հիշում իր անցած օրերը, քանզի այդ տարիներին այնքան էլ շատ խնդիրներ չի ունեցել: Տեղափոխվելով նոր բնակարանª նա ակամա դարձել է բանտարկյալ, քանզի շենքի վերելակը չի աշխատում, իսկ կույր կնոջ համար դժվար է աստիճաններով իջնել եւ բարձրանալ:
Տիկին Սաֆարյանն ի ծնե կույր չի եղել, հիմա էլ ցավով է հիշում կուրանալու օրը' 1988 թվականի երկրաշարժը: Գլխին ստացած հարվածից աչքերի տեսողական նյարդերը կտրվել են, ոսպնյակներըª վնասվել: Այդ ժամանակ նրան օգնության ձեռք չի մեկնել: Նա վստահ է, որ եթե ժամանակին վիրահատեին, ապա այսօր տեսողությունը պահպանված կլիներ: Նա տանից դուրս է գալիս միայն թոշակ ստանալու նպատակով:
Տիկին Սաֆարյանի բազմաթիվ խնդիրներին ավելացել է եւս մեկը: Տնակից Վարդ - Բաղ տեղափոխվելուց հետո պետությունը նրան համարեց որպես տնով ապահովված մարդ ու այդ չնչին նպաստից էլ զրկեց:
Ստացվում է այնպես, որ կիսախարխուլ տնակում բնակվելն ավելի շահեկան էր, քան շենքում: Հիմա գոյատեւման միակ միջոցը 11.200 դրամ կենսաթոշակն է, որից միայն 5200 դրամը հատկացնում է կոմունալ ծախսերին:
Այնուհանդերձ տիկին Սաֆարյանն ամսական իր վեց հազար դրամով է օրերն անցկացնում: Առաջնահերթ ձեթ ու մակարոն է գնումª օրապահիկը ապահովելու համար: Ժամանակ առ ժամանակ էլ բարեկամներն ու հարեւաններն են օգնում:
Տիկին Վարդն ուրախությամբ է ընդունել բարեկամից ժառանգություն ստացած ոչ այնքան պիտանի կահույքը, քանզի մինչ այդ' տունը կիսադատարկ էր: Նրան մնում էր միայն հուսալ, որ մի օր էլ պետությունը իրեն կհիշի: