Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հնարավորություն տվեք, որ մենք այդ հարցերը հերթով լուծենք․ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ։ Նա նշեց՝ մայրերի պահանջն արդարացի է։

«Ինչ որ դուք ասում եք, արդարացի եք ասում։ Իմ ասածն այլ է, խնդրում եմ՝ այնպիսի քայլեր մի արեք, որ մենք մտածենք, որ ավելի լավ է մենք ոչ մի հարց չլուծենք։ Ես մի խնդրանք ունեմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին։ Երբ որ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, ես ձեզ խնդրում եմ, որ ձեր արձագանքը չլինի այն, թե մենք վիրավորվեցինք, որովհետև այսօր նրա հարցը լուծեցին, մերը՝ ոչ։ Ես Ձեզ խնդրում եմ, որ ձեր արձագանքը լինի այն, որ ինչ լավ է, որ Հայաստանում Կառավարություն է ձևավորվել, որը հարցերը լուծելով առաջ է գնում։ Մեզ հնարավորություն տվեք, որ մենք այդ հարցերը հերթով լուծենք»,- ասաց վարչապետը։

Միաժամանակ վարչապետը պարզաբանեց, թե ինչու են որոշում կայացրել 30 մլն դրամ տալ Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին։

«Մարտի 1-ի գործով մենք վճարել ենք հետևյալ տրամաբանությամբ․ մեր իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ում ՀՀ-ն պարտվելու է, և ՄԻԵԴ-ն է ՀՀ-ին պարտավորեցնելու, որ այդ գումարը կամ ավելի շատ վճարեն»։

Նշեց՝ այս քայլով միաժամանակ ուզում են ասել՝ քանի որ Հայաստանում քաղաքական փոփոխություն է տեղի ունեցել, թող վճիռը կայանա, բայց կարծում են՝ ճիշտ կլինի, որ Հայաստանի Կառավարությունն ինքն էլ ընդունի այդ խնդիրը, որ չստացվի, թե Հայաստանի Կառավարությունը նախկինում էլ, ներկայում էլ իր քաղաքացուն չի հարգում։

 Փաշինյանն անդրադարձավ նաև ծնորղների մեկ այլ մտահոգությանը, որը վերաբերում է հիմնադրամներից աջակցություն ստանալուն։

Ասաց՝ շատ դեպքերում հերթապահության ժամանակ զոհվում են զինծառայողներ, որոնք հետո հիմնադրամի շահառու չեն համարվում։

«Ես Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ։ Ես ասում եմ՝ եթե զինվորը ավտոմատը ուսին հերթապահություն է անում կամ վթարի է ենթարկվում դիրքից հետ գնալիս, դա չի նշանակում, որ պիտի ասենք, որ նա մարտական հերթապահության պայմաններում չի զոհվել։ Եվ հիմա փաստաթուղթ է շրջանառվում, որ մեր շահառուների շրջանակը ընդլայնվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։