Բացել լրահոսը Փակել լրահոսը
80793
A A
Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում․ փաստաբանի գրառումը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց:

Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:

Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»: