Բացել լրահոսը Փակել լրահոսը
15244_b
A A
Պաշտոնական

100 փաստ Նոր Հայաստանի մասին (տեսանյութ)

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ

 

Հարգելի լրագրողներ,

 

ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8-ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, և ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարևոր է՝ կառավարության կատարած աշխատանքները և նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք ևս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարեմ ևս 100 փաստ: Եվ այսպես, 100 փաստ Նոր Հայաստանի մասին -2.

 

  1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում  ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

 

  1. 2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

 

  1. 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս): Իմիջիայլոց, ասեմ, որ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետև սա մի աշխատանք է, որ ՊԵԿ-ն անընդհատ անում է, և այս թվերը դինամիկ փոխվում են: Իմիջիայլոց, որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են: Այս պահի դրությամբ այս է թիվը:

 

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։  Ըստ այդմ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:

 

Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է: 

 

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ: Սա հատուկ եմ ընդգծում, որպեսզի այն պնդումները, թե սա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է, պարզ լինի հանրությանը. այս մարդիկ կոնկրետ 6 միլիարդ դրամ հավելյալ հարկ են վճարել:

 

  1. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:  

 

  1. 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։

 

  1. 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

 

  1. 2019 թ. հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14.4%:

 

  1. «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝  «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը: «Մուդիզ»-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահեն տնտեսության ուժեղ հիմք:

 

  1. 2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝
  • Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
  • Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
  • Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
  • Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
  • ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
  • Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
  • Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
  • Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
  • Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
  • Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
  • Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
  • ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
  • Ֆրանսիայից ժամանածներինը՝ 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3 տոկոս աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի, արդեն օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի, այսինքն՝ նախորդ տարվանը գումարած 200 միլիոն դոլար: 

 

  1. 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018 թ. հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 %-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 %, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 %-ով, այսինքն՝ շուրջ 1 մլրդ դրամով: Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով կամ շուրջ 400 միլիոն դրամով։ Այս թվերը նույնպես կարևոր են, որպեսզի արձանագրենք, որ սա ընդամենը վիճակագրական տվյալ չէ, այլ կոնկրետ տնտեսական ցուցանիշ, որն արտահայտված է կոնկրետ դրամներով, կոնկրետ չափերով:

 

  1. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել և այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն:

 

  1. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40.9 տոկոսով եւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34.4 տոկոսով: Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35.1 տոկոս, թարմ ձկան արտահանումը՝ 23.6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15.6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12.3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42.5 մլն դոլարով։

 

 

  1. 2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

 

Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն՝ ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ, ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսական պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ է արձանագրվել: Մասնավորապես, վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս:

 

  1. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիպոթեկային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը 90.5%-ով:

 

 

  1. 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով: 2019թ. հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին:

 

Ամբողջը՝ այստեղ