Առողջապահության նախարարը անգործությամբ է զբաղված․ Մանվել Գրիգորյանի փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Վերջինիս խոսքով` պաշտպանական կողմը իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն շաբաթը մեկ ասուլիս է տալիս, որ հայտնի իրավունքի խախտման մասին, սակայն պետական լիազոր մարմնի կողմից ոչ մի արձագանք չկա։
«Հիմա ես բարձրաձայնում եմ, ասում եմ՝ առողջապահության նախարարը անգործությամբ է զբաղված Մանվել Գրիգորյանի մասով»։
Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ Արսեն Թորոսյանը բացահայտ օրենքից դուրս գործողություններ է իրականացնում՝ շաբաթներ շարունակ չհանձնարարելով ձևավորել համապատասխան բժշկական փուլ՝ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Փաստաբանը նախարարին անձամբ չի հանդիպել, սակայն գրություն է ուղարկել․
« Այդտեղ նույնպես նա խախտել է օրենքի պահանջը՝ գոնե միջանկյալ պատասխան չուղարկելով արդեն երկու-երեք ամիս»։
Փաստաբանի խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովների տված արդյունքները համադրելուց հետո պարզ է դառնում, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի հիվանդությունների վատթարացման պատճառն ու հնարավոր արդյունքների կրողը համարվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
«Եթե օրենքը չի գործում, այդտեղ ցավոք սրտի արդեն գործում է դիմադրության իրավունքը»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը և նշեց, որ կապ չունի՝ Մանվել Գրիգորյանի մասի՞ն է խոսքը, թե՞ ՀՀ այլ քաղաքացու, եթե երկրում անօրինականություններ են կատարվում, պետք է բարձրաձայնվի։