Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը մտան հաջորդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԽանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/64 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր էսամ Էլ Գինդիին: Ընդհանուր հաշիվը դարձավ 1,5:0,5՝ հօգուտ մեր շախմատիստի: Հաջորդ փուլում Լևոն Արոնյանը կմրցի իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ, որը 2:0 հաշվով վստահ հաղթել է ռուսաստանցի Մաքսիմ Չիգաևին:
Սերգեյ Մովսեսյանը երկրորդ պարտիայում առավելության հասավ Գրիգորի Օպարինի նկատմամբ և նույնպես հաղթանակ տարավ 1,5:0,5 հաշվով: 1/32 եզրափակիչում նա կհանդիպի մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ չինացի Դին Լիժենի հետ:
Իսկ ահա Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք պարտություն էին կրել իրենց առաջին պարտիայում, ոչ-ոքի ավարտեցին պատասխան հանդիպումները եւ պարտություն կրեցին նույն 0,5:1,5 հաշվով:
ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը հաշտություն կնքեց նորվեգացի Թարի Արյանի հետ և պահպանեց մեկ միավորի առավելությունը: Հաջորդ փուլում նա ուժերը կչափի փորձառու Սերգեյ Կարյակինի հետ: Բրազիլահայ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ռուսաստանցի Դմիտրի Անդեյկինի հետ մրցամարտում երկրորդ անգամ ոչ-ոքի խաղաց: Այս զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Հիշեցնենք, որ Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով և պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: